Ռուբինյանը կարծում է, որ ընտրություններում ՔՊ-ի ստացած մանդատը բավարար է Ադրբեջանի հետ խաղաղությունն անշրջելի դարձնելու համար

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ սեպտեմբերին պատերազմ չի սպասվում, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած մանդատը բավարար է Ադրբեջանի հետ խաղաղությունն անշրջելի դարձնելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանն այս մասին ասել է ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանում՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի հարցին։

Գրիգորյանը հիշեցրել է նախընտրական քարոզարշավի ընթացքում իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությունները, որոնց համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ի կողմից սահմանադրական մեծամասնություն չստանալու դեպքում կարող է ավերիչ պատերազմ լինել։

Պատասխանելով հարցին՝ Ռուբինյանն ընդգծել է, որ քարոզարշավի ընթացքում իշխանությունը պատերազմը կապել է ոչ թե ընդդիմության՝ ընտրություններում պարզապես հաղթելու, այլ իշխանության գալուց հետո իր հայտարարած քաղաքականությունն իրականացնելու հետ։

«Մենք՝ և՛ վարչապետ Փաշինյանը, և՛ մեր թիմի անդամները, բազմիցս բացատրել ենք, որ չենք ասում՝ պատերազմ է լինելու միայն այն պատճառով, որ ընդդիմությունը հաղթի։ Ո՛չ։ Մենք ասել ենք՝ եթե ընդդիմությունը հաղթի, գա իշխանության և իրականացնի իր ծրագիրը, ապա դա բերելու է պատերազմի։

Մենք տեսել ենք, թե ինչ է հայտարարում ընդդիմությունը։ Եթե ընդդիմությունը գա իշխանության և անի այն, ինչ խոստացել է՝ օրինակ, վերանայի խաղաղության պայմանագիրը, TRIPP-ի շուրջ պայմանավորվածությունները և այդպես շարունակ, ապա դա ակնհայտորեն և անխուսափելիորեն բերելու է պատերազմի»,- ասել է Ռուբինյանը։

Անդրադառնալով սեպտեմբերին պատերազմի հավանականության մասին հարցին՝ ԱԺ նախագահի թեկնածուն ուղիղ պատասխանել է․

«Ո՛չ, սեպտեմբերին պատերազմ չի սպասվում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վստահ մանդատ է ստացել՝ շարունակելու խաղաղության գործընթացը, և մենք այն շարունակելու ենք ու հաջողությամբ հասցնելու ենք ավարտին»։

Նրա խոսքով՝ սահմանադրական մեծամասնություն չունենալը կարող է որոշակիորեն բարդացնել խաղաղության ապահովման աշխատանքը, սակայն չի խոչընդոտի գործընթացի շարունակմանը։

«Այո՛, սահմանադրական մեծամասնություն չենք ստացել, ինչը կարող է մի փոքր բարդացնել խաղաղության ապահովման մեր գործը, բայց ամենևին չի կանխի դա։ Ես կարծում եմ, որ մեր ստացած մանդատը լիովին բավարար է խաղաղությունն անշրջելի դարձնելու համար»,- նշել է Ռուբինյանը։

Հայերեն فارسی Русский

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ

Նիկոլ Փաշինյանը Երևանի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագի է մասնակցել

Վրաստանը լավատեսությամբ է սպասում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնմանը. Կոբախիձե

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորների հիշատակը

Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ

Դավիթ Համբարյանն ԱԺ աշխատակազմը ղեկավարելու առաջարկ է ստացել Ռուբեն Ռուբինյանից

Դավիթ Ղազինյանը ներկայացրել է, թե որ դեպքում են պատրաստ նոր խորհրդարանում համագործակցել իշխող ուժի հետ

Նոր գումարման ԱԺ առաջին նիստ

ՔՊ-ն ՀՀ նախագահին է ներկայացրել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը