Մշակույթ

Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանում բացվել է «Գորգազարդ Հայաստան» ցուցադրությունը

2 րոպեի ընթերցում

Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանում բացվել է «Գորգազարդ Հայաստան» ցուցադրությունը

Գյումրիում Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանում բացվել է «Գորգազարդ Հայաստան» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որտեղ ներկայացված է Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) Արվեստի բաժնի ուսանողների 16 աշխատանք: Ցուցահանդեսը գործելու է շուրջ մեկ ամիս:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Պետրոսյանն ընդգծեց, որ թանգարանի գլխավոր առաքելություններից է համայնքի համար ակտիվ մշակութային միջավայրի ձևավորումը: «Այսօր մեր թանգարանի դռները բացվեցին ՇՊՀ Արվեստի բաժնի ուսանողների և արվեստագիտության թեկնածու Արաքս Մարգարյանի առջև։ Երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները ներշնչված են հայկական ավանդական գորգերի հարուստ զարդանախշերով, որոնք մեր ժողովրդի պատմության, մշակույթի, հավատալիքների և գեղագիտական մտածողության խորհրդանիշներն են։ Խրախուսելի է, որ հայ մշակույթի հանրահռչակման նոր ուղիներ փնտրելիս ուսանողները կանգ են առել հայկական գորգարվեստի դարավոր ավանդույթների վրա՝ դրանց տալով արդիական հնչեղություն»,-նշեց Լուսինե Պետրոսյանը։

Թանգարանի տնօրենի պաշտոնակատարը տեղեկացրեց նաև, որ թանգարանում հայ մեծանուն գրողի կյանքն ու գրական ժառանգությունը ներկայացնող հիմնական ցուցադրությունից զատ մշտական ցուցադրությամբ ներկայացված են նրա որդու՝ քանդակագործ Արա Շիրազի աշխատանքները, ինչպես նաև գործում է Սիփան Շիրազին նվիրված ժամանակավոր ցուցադրությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում