Եվրոպա

ԵՄ-ն ինքնաթիռներ և հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն ինքնաթիռներ և հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ-ն քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով օգնում է Ֆրանսիային և Իսպանիային՝ պայքարելու անտառային հրդեհների դեմ, որոնց պատճառով պահանջվել է տարհանել ավելի քան 300 000 մարդու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Եվրոպական հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։

«ԵՄ-ն Ֆրանսիա է ուղարկել յոթ ինքնաթիռ և չորս ուղղաթիռ Չեխիայից, Խորվաթիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Սլովակիայից, Շվեդիայից և Թուրքիայից։ Այդ օդային տեխնիկայի մեծ մասը մտնում է RescEU հրշեջ օդային նավատորմի (խմբ.՝ ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի փրկարարական բաղադրիչ) կազմի մեջ։ Իսպանիայի համար ԵՄ-ն մոբիլիզացրել է վեց ինքնաթիռ Հունաստանից, Իտալիայից և Թուրքիայից, ինչպես նաև ուղարկել է 134 հրշեջ և 41 փոխադրամիջոց Պորտուգալիայից», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

ԵՄ-ի Copernicus արբանյակային ծառայությունը տրամադրում է արտակարգ իրավիճակներում օպերատիվ գործողությունների  քարտեզներ՝ տեղում արձագանքմանն աջակցելու համար։

«ԵՄ արտակարգ իրավիճակներին արձագանքման համակարգման կենտրոնը սերտ կապի մեջ է Ֆրանսիայի և Իսպանիայի իշխանությունների հետ՝ գնահատելու, թե ինչ լրացուցիչ աջակցություն կարելի է մոբիլիզացնել, իսկ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը գտնվում է Բորդոյում՝ ազգային իշխանություններին օգնելու նպատակով համակարգելու ԵՄ օգնությունը», - ասված է հաղորդագրության մեջ։

Երբ պետությունն օգնության է դիմում ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով, խնդրանքն ուղարկվում է համերաշխության այդ հարթակին մասնակից բոլոր 37 երկրներին։ Դրանցից յուրաքանչյուրը կարող է առաջարկել ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հրշեջ խմբեր, սարքավորումներ կամ փորձագետներ, իսկ Եվրահանձնաժողովը համակարգում և համաֆինանսավորում է դրանց տեղակայումը։

Այն դեպքում, երբ այդ ազգային առաջարկները բավարար չեն, ԵՄ-ն կարող է օգտագործել իր սեփական ռազմավարական պահուստը՝ RescEU-ն, որը ներառում է 22 ինքնաթիռ և 5 ուղղաթիռ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում