Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
2 րոպեի ընթերցում

Թեհրանը Կիևին մեղադրել է Կասպից ծովում իրանական առևտրային նավի հարվածելու համար, որի հետևանքով մեկ նավաստի զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկիրն անպատասխան չի թողնի այս հարձակումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
«(Խմբ.՝ Ուկրաինայի նախագահ) Զելենսկին հարձակվել է իրանական առևտային նավի վրա՝ սպանելով մեկ նավաստու։ ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում, որը կատարվել է Իսրայելի հրահանգով՝ Եվրոպան իր պատերազմի մեջ ներքաշելու համար», - գրել է Արաղչին X հարթակում։
Արաղչին հավելել է, որ զրուցել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ և հայտնել նրանց, որ Ուկրաինայի գործողությունը «չի կարող անպատասխան մնալ»։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 25-ին։ Իրանցի պաշտոնյաները հայտնել են, որ երկաթով բեռնված նավը Ռուսաստանի Աստրախան քաղաքից ուղևորվում էր իրանական Անզալի։ Իրանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է հարձակումը և կանչել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին։ Ըստ իրանական Tasnim գործակալության՝ գերատեսչությունն այս միջադեպը որակել է որպես «թշնամական և հանցավոր գործողություն», որը «ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքների խախտում է և ագրեսիայի ակտ, այլև հստակ սպառնալիք է ներկայացնում Կասպից ծովի բոլոր ափամերձ պետությունների անվտանգության համար»։ Իրանի ԱԳՆ-ն շեշտել է, որ սա արտացոլում է «Կիևի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ»։
Իրանի արտգործնախարարությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ հանդիպման ժամանակ իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ երկիրը «վճռականորեն կպաշտպանի իր ազգային անվտանգությունն ու շահերը և անպատասխան չի թողնի իր քաղաքացիների կյանքի և սեփականության դեմ ուղղված որևէ ագրեսիա»։
Հուլիսի 25-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, մեկնաբանելով զինվորականների վերջին հարվածները, հիշատակել էր նաև, որ խոցվել են նավեր, որոնք զբաղվում էին Իրանից ռազմական բեռների փոխադրմամբ։