10 րոպեի ընթերցում
Ամերիկահայ պրոդյուսեր, սցենարիստ Սև Օհանյանը ֆիլմեր է ստեղծում 2010 թվականից։ Նա կինոյի լեզվով հետաքրքիր պատմություններ է պատմում ոչ միայն անհատի, այլև ազգային փոքրամասնությունների, իր հայրենակիցների մասին, անդրադառնում է տարբեր մշակույթների, ենթամշակույթների՝ աշխարհին ցույց տալով, որ յուրաքանչյուրն իրավունք ունի իր տեղը զբաղեցնել այս երկնքի տակ։
Օհանյանի ֆիլմերը, որոնք և՛ կատակերգություն, և՛ դրամա, և՛ թրիլեր են հիշեցնում, արժանացել են բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, սակայն ամենասպասված մրցանակներն էին «Ոսկե գլոբուս»-ը և «Օսկար»-ը՝ «Մեղսավորները» ֆիլմի համար։
Օրերս Սև Օհանյանը հյուրընկալվել էր Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, որի շրջանակում արժանացավ «Վարպետ» մրցանակին՝ նշելով, որ այն իր համար շատ թանկ է։
«Արմենպրես»-ի թղթակիցը բաց չի թողել պրոդյուսերի հետ հանդիպելու և նրան մի քանի հարց ուղղելու հնարավորությունը։
-Տարիներ առաջ եք եղել Հայաստանում։ Իհարկե, այն ժամանակ արդեն մրցանակներ ունեիք, սակայն այս անգամ Ձեր ֆիլմն արժանացել է և՛ «Ոսկե գլոբուս»-ի, և՛ «Օսկար»-ի։ Պատասխանատվության, հպարտության զգացումո՞վ եք վերադարձել։
-Ինձ համար կարևոր է, որ այն երիտասարդները, որոնք ցանկանում են ֆիլմեր ստեղծել, տեսնեն, որ մեկին հաջողվել է նման մրցանակների արժանանալ։ Ցանկանում եմ, որ նրանք տեսնեն, որ ես հպարտ հայ եմ։ Որտեղ հնարավոր է, խոսում եմ հայ լինելուս մասին, միշտ կապի մեջ եմ հայկական միությունների հետ, քանի որ ուզում եմ արդյունավետ աշխատել։ Ցանկանում եմ, որ օտար ընկերությունները, որոնց հետ համագործակցում եմ՝ Warner Bros, Universal, Sony, իմանան, որ ես հայ եմ։ «Ոսկե ծիրան» կինոփառատոնում ֆիլմի ցուցադրության համար Warner Bros-ը մեծ գումար էր պահանջում, սակայն ես զանգահարեցի ընկերության նախագահին և ասացի, որ սա հայկական կինոփառատոն է և պետք է անվճար անել ամեն բան։ Նա պատասխանեց. «Օհ, չգիտեի, որ քեզ համար է, Հայաստանի համար է»։ Նրանք իմացան, թե որքան կարևոր է դա ինձ համար։ Իմ նպատակն է շարունակել իմ աշխատանքն ու բարձունքների հասնել, և որ բոլոր հայերն իմանան՝ եթե ես կարողանում եմ առաջ գնալ այս գործով, նրանք էլ կարող են։
Ես կինոարտադրող եմ, բայց հայ եմ. միակ պատճառը, որ կինոարտադրող եմ, այն է, որ հայ եմ։ Հայ ժողովուրդն ինձ սիրեց, վճարեց և դիտեց իմ ֆիլմը, ծափահարեց իմ ֆիլմին։ Այդ աջակցությունն ինձ ուժեղացրեց և առաջ գնալու հնարավորություն տվեց։
-Կարո՞ղ ենք ասել, որ կինոն մարդկանց հասնելու ամենահեշտ միջոցներից է։
-Այո։ Եթե մեկը ֆիլմում լավ պատմություն է տեսնում, այն դառնում է տվյալ մարդու մի մասնիկը։ Վերջին տարիները բավականին դժվար են հայերի համար, և ես չեմ կարող օգնել, որովհետև քաղաքական գործիչ չեմ, առաջնորդ չեմ, բայց կարող եմ ֆիլմեր ստեղծել, որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի, թե հայերս որքան խելացի ենք, հպարտ ենք, որքան լավն ենք։ Դա իմ աշխատանքն է, և ես կարողանում եմ այն կամաց-կամաց անել։
-Կինոփառատոնի շրջանակում Հայաստանում է նաև ֆրանսահայ անվանի դերասան Սիմոն Աբգարյանը, որի կերտած կերպարները ևս խոսում են հայի մասին, աշխարհին են ներկայացնում մեր խնդիրները։ Ի՞նչ եք կարծում դա փոքր ազգերին բնորոշ բան է, թե՞...
-Այն փաստը, որ մենք փոքր ենք, բայց նման պատմություն ունենք, մեր ուժն է, որովհետև դա մեզ ավելի է մտերմացնում, կապում։ Ընկերներիցս մեկը, որի հետ նաև աշխատում եմ, Ամերիկայում ապրող հնդիկ է։ Նրանք շատ-շատ են։ Եթե նրան ասեմ, որ օրեր առաջ մի հնդիկի եմ հանդիպել, նրան դա չի հետաքրքրի, դա նրա համար կարևոր չի լինի։ Եթե ինչ-որ մեկն ինձ ասում է, որ մի հայի է հանդիպել, որը կերակուրներ է պատրաստում, ես անչափ ուրախանում եմ, փորձում եմ գտնել նրան, նրա հետ ժամանակ անցկացնել, քանի որ հանձին նրա՝ ես եղբոր կամ քրոջ եմ գտնում։ Այո,՛ մենք ավելի փոքր ժողովուրդ ենք, սակայն կարող ենք ավելի շատ միմյանց օգնել։
-Եվ Դուք Ձեր առաջին՝ «Իմ մեծ, չաղ հայկական ընտանիքը» ֆիլմով մեր առանձնահատկությունները ներկայացրիք՝ միմյանց նկատմամբ հոգատարությունը, ուշադրությունը։ Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանում և սփյուռքում ապրող հայերը շա՞տ են տարբերվում միմյանցից։
-Կարծում եմ՝ պետք է տարբերվեն։ Այսօր կինոփառատոնին ցուցադրեցինք այդ ֆիլմը։ Այն նկարահանել եմ 18 տարի առաջ։ Տարբեր սերունդների ներկայացուցիչներ էին եկել ֆիլմը դիտելու։ Նրանք նշում էին, որ հայ ընտանիքներն Ամերիկայում և Հայաստանում շատ նման են։ ԱՄՆ-ում մենք էմիգրանտ ենք, փոքրամասնություն ենք, և երիտասարդները ձուլման խնդրի առաջ են կանգնում, նրանք ցանկանում են անգլերեն խոսել, օտարների պես ժամանցն անցկացնել, բայց անգամ Հայաստանում է այդպես։ Այսօր երեխաները ցանկանում են այլ բաներով զբաղվել, չեն ուզում իրենց ծնողների պես ապրել։ Դա համընդհանուր բնույթ է կրում։
-Իսկ ինչպե՞ս եք փորձում Ձեր որդուն՝ Արենին փոխանցել Ձեզ համար կարևոր արժեքները։
-Նա երեք տարեկան է, դեռ շատ փոքր է, բայց նրա հետ հայերեն եմ խոսում, շատ ժամանակ եմ անցկացնում։ Դեռ թույլ չենք տալիս, որ ֆիլմեր դիտի։ Փորձում ենք անել հնարավորը, որ զարգացնի երևակայությունը, բայց մենք շատ ուրախ ենք, որովհետև երեք շաբաթ անց նա հայկական նախակրթարան է գնալու։ Շատ ոգևորված եմ ու անհամբեր սպասում եմ այն պահին, երբ հնարավոր կլինի նրան բերել Հայաստան։ Երբ ինքնաթիռն իջավ Երևանի օդանավակայանում, հասկացա, որ սպասում եմ այն պահին, որ նա մի քիչ մեծանա և ամբողջ ընտանիքով գանք այստեղ։
-«Իմ մեծ, չաղ հայկական ընտանիքը» ֆիլմի նկարահանումների ընթացքում բազմաթիվ զվարճալի իրավիճակներ են եղել։ Կխնդրեմ պատմել դրանցից մեկը։
-Ֆիլմը նկարել եմ նախքան կինոդպրոց ընդունվելը։ Հստակ չգիտեի, թե ինչն ինչպես է պետք անել, միայն գիտեի, որ լավ պատմություն ունեմ։ Առաջին օրը նկարահանումները սկսեցինք առավոտյան 09։00-ին և առավոտյան 04։00-ին ավարտեցինք։ Այդ ժամանակ քույրս, որը նկարահանվում էր ֆիլմում, 16 տարեկան էր, ընկերս՝17։ Ֆիլմի վերջին դրվագում բոլորը տխուր կանգնած են փողոցում. հայրը գոռում է, մայրը լաց է լինում, բոլոր ճչում են։ Երբ ավարտել էինք տեսարանի նկարահանումն ու ցանկանում էինք գնալ, ոստիկանական երեք մեքենա նկատեցինք։ Մոտեցա նրանց, որպեսզի ասեմ, որ ֆիլմ ենք նկարահանում, բայց նրանք հրացանները հանեցին և ասացին՝ հեռացե՛ք։ Զարմացել էինք. պարզվեց, որ հարևանները չեն հասկացել, որ նկարահանումներ են, որովհետև միայն ես էի իմ փոքր ապարատով, մենք էլ գոռալով հայերեն էինք խոսում։ Նրանք շատ էին վախեցել։ Դա շատ երկար օր էր, և մեզ արգելեցին այդտեղ վերադառնալ, սակայն հաջորդ օրը կրկին գնացինք այնտեղ, բայց միայն ցերեկը նկարահանումներ արեցինք։ Դա շատ վախեցնող էր։ Մտածում էի՝ գուցե այդ կերպ Աստված ինձ ասում է, որ պետք չէ կինոյով զբաղվել, բայց ես որոշեցի շարունակել աշխատել։
-Մի առիթով ասել եք, որ հաճախ եք մտադրվել հրաժարվել ամեն բանից, ասել եք, որ վերջին ֆիլմն է, բայց հետո շարունակել եք առաջ գնալ։ Հիշեցի Շառլ Ազնավուրին։ Նա ևս բազմիցս ցանկացել է հետ կանգնել իր ընտրած ճանապարհից, բայց ի վերջո հաղթել է։ Մի հարց է ինձ հետաքրքրում. ասում եք, որ Ձեզ համար շատ կարևոր են օտարների կարծիքները։ Սցենարներ գրելիս՝ շատերին եք ուղարկում դրանք, որպեսզի իրենց դիտողություններն անեն։ Դա Ձեզ չի՞ շեղում Ձեր հիմնական գաղափարից։
-Միշտ ցանկացել եմ ստեղծել ֆիլմեր, որոնք աշխարհը կդիտի։ Ես ինձ համար չեմ ֆիլմեր ստեղծում, այլ՝ աշխարհի։ Կատակերգություններ ու թրիլերներ եմ նկարում և ուզում եմ իմանալ արդյոք այս կամ այն կատակը ծիծաղելի՞ է, կամ այս կամ այն դրվագը վախեցնո՞ւմ է։ Այդ հետազոտությունն ինձ հնարավորություն է տալիս ամեն բան ավելի լավ անել, սակայն ես չեմ խնդրում, որ ինձ ասեն, թե ինչպես վարվեմ, պարզապես փորձում եմ հասկանալ, թե աշխատանքս ինչ ազդեցություն է ունենում։ Եթե տեսնում եմ, որ հավանում են, ուրեմն ճիշտ ուղի եմ ընտրել։
-Իսկ Ձեր ֆիլմերը դիտելիս պատահո՞ւմ է, որ ցանկանաք ինչ-որ բան փոխել։
-Ամեն անգամ այդպես է, բայց դա բնական է։
-Մեր նախորդ զրույցում ասացիք, որ երկու նախագծի շուրջ եք աշխատում։ Ֆիլմերից մեկի հերոսուհին հայուհի է։ Ի՞նչ փուլում են նախագծերը։
-Հոլիվուդում ամեն բան շատ դանդաղ է առաջ գնում։ Չեմ ցանկանում շատ խոսել անելիքների մասին, որպեսզի ամեն բան ճիշտ իր ժամանակին լինի։ Ինձ համար շատ կարևոր են հատկապես հայկական թեմաներով այդ երկու նախագծերը, և ես ցանկանում եմ ամեն բան անել, երաշխավորել դրանց հաջողությունը։ Խոստանում եմ, որ կնոջս՝ պրոդյուսեր Նատալիի հետ աշխատում ենք։ Հույս ունեմ, որ մի քանի տարի անց կքաղենք այդ աշխատանքի պտուղները։
-Եվս մեկ անգամ շնորհակալ եմ զրույցի համար։ Հպարտանում ենք Ձեզնով։
-Շնորհակալ եմ։