Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի

11 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լանջաղբյուր գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին գտնվում է բնակավայրի կենտրոնական մասում։ Բազիլիկ այս եկեղեցին աչքի է ընկնում արևմտյան ու հարավային շքեղ մուտքերով, արևմտյան մուտքի հարավային ու հյուսիսային  կողմերի որմերում տեղադրված քանդակազարդ ու վիմագիր երկու խաչքարերով, բարավորի վերևում պատկերված  Հիսուս Քրիստոսի քանդակով, պատերի ամենավերին շարվածքի երկայնքով մեկ տարածվող քիվերով և կամարածածկ ու կամարակապ խորանով։ Այն ունի շուրջ 13 մետր լայնություն  ու 25 մետր երկարություն՝ 325 քմ մակերեսով։

Եկեղեցու հիմնադրման ժամանակաշրջանը համարվում է 1877 թվականը, ինչպես և գրված է հարավային ու արևմտյան մուտքերի բարավորների վերևում։ Սակայն այդ թվականը շատ ավելի աղերս կարող է ունենալ եկեղեցու վերակառուցման կամ վերանորոգման, քան թե հիմքից կառուցման ու հիմնադրման հետ։ Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցն իր «Տեղագիր Գեղարքունի  Ծովազարդ գավառի» աշխատության մեջ վկայում է, որ 1860-70-ական թվականներին Լանջաղբյուր գյուղն ունեցել է ընդամենը 67 տուն՝ մի քանի հարյուրի հասնող բնակչությամբ, որոնց համար նման չափի եկեղեցի կառուցելը կարող էր թանկ շռայլություն լինել։ Իսկ ավելի շատ հավանական է, որ Սուր Խաչ եկեղեցին բարձրացել է ավելի հին, միջնադարյան եկեղեցու ավերակների վրա, որտեղ աչքի է զարնում հատկապես արեւելյան մասում գտնվող կամարածածկ խորանը եւ որմերի փորվածքներում տեղադրված վաղ միջնադարյան դարաշրջանում կերտված խաչերի քանդակները։

Եկեղեցու ողջ սրահը եղել է փայտածածկ՝ հենված բավականին հաստ գերանների վրա, որոնք պահպանված են մինչ այժմ։ Այնքանով, որքանով որ սրահի փայտյա ծածկն ու խորանի քարակապ ծածկը ժամանակագրորեն ու ճարտարապետական հորինվածքով չեն համապատասխանում միմյանց, արդեն խոսում են այս կառույցի նորոգման, ոչ թե հիմքից կառուցելու օգտին։ Եկեղեցու արևմտյան մուտքի որմերի մեջ ագուցված վիմագիր ու քանդակազարդ երկու խաչքարերը կերտվել են 16-րդ դարում։ Վիմագրությունը վերծանել է Սեդրակ Բարխուդարյանը՝ իր հեղինակած «Դիվան հայ վիմագրության» գրքում։ «ԿԱՄԱՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՍ ՏԱՆՈՒՏԵՐ ՍԱՐԳԻՍ ԿԱՆԿՆԵՑԻ ԽԱՉՍ ԻՆՁ․ ՅՈՎԱՆԷՍ ԿԱԶՄՈՂ։ ԹՎ ՋՂԱ/ 1542/»-գրված է մուտքի  հարավային կողմի որմում  տեղադրված խաչքարի քիվին, թևերի արանքում և ստորին մասում։

«ԿԱՄԱՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԱԶԻԶ ԱՂԵՍ ԿԱՆԿՆՈՑԻ ԶԽԱՉՍ ԵՂԲԱՒՐ ԻՄ ՍԱՐԳԻՍ ԱՂԻՆ Ի ԹՎԱԿԱՆՍ ՀԱՅՈՑ ։Ռ։ /1551/ԿԱԶՄՈՂՍ ՈՎԱՆԷՍ»,-գրված է արևմտյան մուտքի հյուսիսային կողմի որմի մեջ տեղադրված խաչքարի քիվին, շրջանակներին և գնդի շուրջը։

Սեդրակ Բարխուդարյանի վկայությամբ, ինչպես իրեն բանավոր կերպով փոխանցել են Լանջաղբյուրի բնակիչները նախորդ դարի կեսերին, այդ խաչքարերը բերվել ու եկեղեցու պատերի մեջ ագուցվել են «Կուռու Խարապա» կոչվող գյուղատեղիի ավերակներից, որը գտնվում է Սևան-Մարտունի ավտոմայրուղու հարևանությամբ, իսկ Լանջաղբյուրից՝ շուրջ 10 կմ հեռավորությամբ։ Իսկ որոշ տեղացիներ այժմ նույնիսկ  կարծիք են հայտնում առ այն, ինչպես լսել են իրենց մեծերից, որ այդ երկու խաչքարերը 1830 թվականին գաղթական քարավանների հետ սայլերի վրա բերվել են Հին Բայազետի Զանգեզոր գյուղից։

Ամեն դեպքում, այս մեկ փաստն էլ բավական է ենթադրելու, որ Սուրբ Խաչ եկեղեցու սրբատաշ քարերը՝ իրենց քանդակներով, կամ վերցվել են հին եկեղեցու ավերակներից, կամ մոտակա այլ ավերված հոգևոր կառույցներից։ Անգամ կասկածելի է թվում արևմտյան մուտքի բարավորի վերևում տեղադրված Հիսուս Քրիստոսի պատկերաքանդակի ժամանակագրությունը, քանի որ քանդակի վերևում Տիրոջ անունը գրված է ուռուցիկ տառերով՝ ՅՍ ՔՍ կրճատ տարբերակով, իսկ ահա ներքևում արդեն փորագիր, վերևի ոճից տարբեր տառատեսակով գրված է՝ «ԿԱԶՄՈՂ ԷԼՔԱՆԴՈՒԼ»։ Բարավորի վրա ևս կա արձանագրություն, որը ընթեռնելի չէ որոշ մասերում տառերի մաշված լինելու պատճառով։

Եկեղեցու սրահի փայտյա ծածկն ամբողջությամբ փլված է, պատերը որոշ կողմերում արդեն ճաք են տվել, ու շինությունը լիովին կանգնած է փլուզման վտանգի առջև։

Փոխարենը դեռևս կանգուն է արևելյան կողմում վեր բարձրացող խորանը, որի քարածածկ ու քարաշար կամարը դեռ դիմանում է ժամանակների կործանարար ձեռքերի ու լքվածության փորձություններին՝ չնայած արդեն նկատվող լայն ճաքերին։  

Սուրբ խաչ եկեղեցու խորանի պատին ագուցված է 9-10-րդ դարի խաչքար, իսկ Մկրտարանի արևելյան պատին՝ 16-րդ դարերով թվագրվող, արձանագիր խաչքարը, որը պատկանում է Յաղմուրին։ Հարավային պատի տակ տեղադրված է 10-11-րդ դարերի խաչքար, որի տակ էլ հանգչում է 19-րդ դարի երկրորդ կեսին Սուրբ խաչ եկեղեցում սպասավորության եկած Տեր Սահակը։ Վերոնշյալ խաչքարերը հաշվառված են հուշարձանների պահպանության պետական ցանկում։

Սուրբ Խաչ եկեղեցին 1877 թվականից ի վեր գործել է մինչև 1930-ական թվականները, որից հետո այն վերածվել է կոլխոզի հացահատիկի ու այլ մթերքների պահեստի։ Իսկ ԽՍՀՄ վերջին տարիներին այն լքվել է հիմնովին, մատնվել անտերության ու փլվել՝ մինչ օրս այդպես էլ մնալով առանց ծածկի և հողակույտերի, մարդահասակից ավելի բարձրացող եղինջների, այլ տեսակի թփերի բույլերի մեջ ծածկված։ Եկեղեցու երկու մուտքերի դռները կիսաբաց ու կիսախարխուլ վիճակում են, որտեղից ուխտավորները հաճախ են մտնում ներս՝ խորանի որմերում տեղադրված խաչքարերի վրա մոմեր վառելու, իրենց հոգու պարտքը կատարելու։

Եկեղեցին վերականգնելու փորձ Լանջաղբյուրի համայնքապետարանը տարիներ առաջ ձեռնարկել է, սակայն այդ ձեռնարկը մնացել է կես ճանապարհին, քանի որ վերականգնման հովանավորություն ստանձնած գործարարը առողջական ու այլ խնդիրների պատճառով չի կարողացել արդեն կազմված նախագիծը կյանքի կոչել։ Ի դեպ, որքան էլ զարմանալի է, նախագծի կազմմանը չի նախորդել հնագիտական  որևէ  ուսումնասիրություն կամ պեղում, որով էլ կհստակեցվեր հարցը՝ արդյո՞ք այստեղ մինչ 1877 թվականը չի եղել հոգևոր ու պատմաճարտարապետական նշանակության այլ կառույց, արդյո՞ք հողի տակ թաքնված չէ պատմաշակութային այլ շերտ։ Չի բացառվում, որ պեղումների դեպքում ի հայտ կգան հնագիտական նոր իրողություններ։

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցու սպասավորների մասին հետաքրքիր տեղեկություններ հաղորդեց նույն գյուղի բնակիչ Մանուկ Հովհաննիսյանը, ով  սերում է նույն քահանայական ընտանիքից։

«Երբ մեր գյուղի բնակիչները 1830 թվականին Հին Բայազետի Զանգիզոր գյուղից գաղթել ու հաստատվել են այստեղ, հոգևոր սպասավոր չեն ունեցել, իսկ եղած հոգևոր կառույցներն էլ եղել են ավերված վիճակում։ Գյուղի մեծերը դրսից հոգևոր սպասավոր են հրավիրել, ով եկել է ներկայիս Գեղամավան գյուղից՝ Տեր Սահակ անունով։ Սուրբ Խաչ եկեղեցու հարավայի կողմի պատի տակ վաղ միջնադարյան  մի գեղաքանդակ խաչքար կա տեղադրված։ Տեր Սահակը հանգչում է դրա ներքո։ Նա իմ պապի պապն է, որով շատ եմ հպարտ, քանի որ շատ ջանքեր է գործադրել ինչպես Սուրբ Խաչ եկեղեցու կառուցման, այնպես էլ նրա գործունեության ապահովման ուղղությամբ։ Այս եկեղեցում առաջին մկրտությունը կատարել է Տեր Սահակի որդի Տեր Հովհաննեսը։ Մկրտվել են մեր գյուղացիներ Մանուկն ու Մովսեսը։

Տեր Հովհաննեսից հետո եկեղեցում պաշտոնավարել է Տեր Խաչատուրը, որը եղել է ժամանակի ամենաուսյալ ու գրագետ մարդկանցից մեկը՝ կրթություն ստանալով  Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Տեր Խաչատուրի եղբոր անունն Աբրահամ է, ում տանը մինչ այժմ պահվում է Նարեկը։ Գյուղի վերջին քահանան եղել է Խաչատուրը։ Ես սերում եմ Աբրահամից։ Մեր տոհմից աքսորել են Տեր խաչատուրի թոռ Վանուշին»,-մանրամասնում է Մանուկ Հովհաննիսյանը։

Տեր Սահակի թոռ Տեր խաչատուրի մասին գրավոր հիշատակություն է թողել Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը։ «Գյուղն ուներ 67 տուն, եկեղեցի հանուն Սուրբ Խաչի։ Այս գյուղից էր իմ գրագիր և քարտուղար դպիր Խաչատուր Տեր Հովհանյանը, որն ուսումն ավարտել էր Տփղիսու Ներսիսյան դպրանոցումն, որը և հետո ձեռնադրվեցավ քահանա»,-գրում է Սմբատյանցը իր հեղինակած «Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի» գրքում։

Սուրբ Խաչ եկեղեցուց քիչ հեռու գտնվում են երկու այլ սրբավայրեր՝ Թուխ Մանուկ մատուռը և Սուրբ Հակոբ եկեղեցին, որոնք գործել են տարբեր դարաշրջաններում, որոնց շուրջ էլ տարածվել են գերեզմանոցներ։ Եթե Թուխ Մանուկ մատուռը նորոգվել է Լանջաղբյուրի բնակիչ Միշա Փուրթյանի ու նրա որդի Գագիկ Հակոբյանի ձեռամբ, ապա Սուրբ Հակոբ եկեղեցին անմխիթար վիճակում է՝ հազիվ պատերի մի մասն է երևում։ Այս հավատի տները գործել են դարեր շարունակ, սակայն ավերվել են օտար նվաճողների ասպատակությունների ու հայ բնակչության հանդեպ պարտադրած բռնագաղթերի կամ ջարդերի հետևանքով։

Իսկ դրանց պահպանության գոտին առավել փոքրացել է Լանջաղբյուրի տարածմանը զուգահեռ, շատ հուշարձաններ մնացել են տնամերձերում կամ թաղվել հողի տակ։ Ու հենց այստեղ է բարձրանում ցավագին հարցն առ այն, թե ինչո՞ւ է նման անհոգի վերաբերմունք դրսևորվում պատմության, հոգևոր կառույցների ու պատմամշակութային արժեքների  հանդեպ։

Անկախ նրանից, թե երբ է հիմնադրվել Սուրբ խաչ եկեղեցին՝ 1877 թվականից առաջ, թե այդ նույն թվականին, այն ծառայել է հայ հանրությանը, նրա ազգային ուխտին ու հավատին, հայկականության պահպանմանն ու տարածմանը։ Վերջին երկու դարերի ընթացքում՝ շնորհիվ 1830 թվականի պատմական գաղթի, Լանջաղբյուր գյուղն այսօր դարձել է Հայաստանի Հանրապետության ամենաշեն, ծաղկուն ու գեղեցիկ բնակավայրերից մեկը՝ ավելի քան 500 տնտեսությամբ ու 2411 բնակչությամբ, նույնիսկ բավականին ներկայանալի Սփյուռքով, իր կրթական, ստեղծարար ներուժով։ Սակայն այդ հպարտությունը չքվում է առաջին իսկ հայացքից, երբ սեփական աչքերով տեսնում ես Սուրբ Խաչ եկեղեցու մերօրյա ավերակները, նրա հետագա փլուզման վտանգը, իսկ ամենակարևորը՝ հանրության անբավարար, անհոգի վերաբերմունքը։ 

Հայերեն

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի