Զեղծարարության 1000-ից ավելի դեպք, 876 մլն դրամի վնաս․ ԿԲ-ն առաջարկում է կիրառել Stop կանխարգելիչ գործիքը
4 րոպեի ընթերցում
Ֆինանսական զեղծարարության ռիսկերը նվազեցնելու համար հանրապետությունում հուլիսի 1-ից հասանելի է Stop գործիքը։ Յուրաքանչյուր բանկ կամ ֆինանսական կազմակերպություն իր բջջային հավելվածում պետք է ունենա այս գործիքը, որը հնարավորություն է տալիս շահառուին արգելափակել ֆինանսական գործարքների հնարավորությունները։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը տեղեկացրեց, որ հիմնականում բոլոր բանկերն արդեն ունեն այս գործիքը ու տեղեկացրել են իրենց հաճախորդներին։
«Արդեն կան բազմաթիվ հաճախորդներ, որոնք օգտվել են այս գործիքից։ Քաղաքացին կարող է ծառայությունները կամ առանձին-առանձին կամ միասին բլոկավորել։ Ամեն մարդ ինքը պետք է գնահատի, թե որ ծառայություններից որքան է օգտվում, ըստ այդմ էլ կողմնորոշվի՝ ցանկանո՞ւմ է բլոկավորել, թե՞ ոչ։ Եթե քաղաքացին, օրինակ, բլոկավորում է օնլայն վարկ ստանալու հնարավորությունը, ապա դա նշանակում է, որ ինքը այլևս չի կարողանալու օգտվել դրանից, քանի դեռ չի գնացել բանկ ու չի ապաբլոկավորել»,-ասաց Արմենուհի Մկրտչյանը։
Stop գործիքի շրջանակում առաջարկվող ծառայությունները հետևյալն են՝ այլ անձանց կատարվող փոխանցումներն ու վճարումները, քարտից քարտ փոխանցումները, առցանց քարտային գնումներն ու վճարումները, քարտի կապակցումն էլեկտրոնային դրամապանակին կամ նոր սարքին, նոր վարկի ստացումը, ավանդի վաղաժամկետ դադարեցումը կամ դրանից գումարի հեռավար ելքագրումը, նոր հաշվի բացումը կամ նոր վճարային քարտի թողարկումը։
«Դուք զանգ եք ստացել, հասկացել եք, որ զեղծարարին հասանելի են դարձել թվային հավելվածի տվյալները։ Նման իրավիճակում պետք է արագ արձագանքել ու Stop գործիքի միջոցով արգելափակել բոլոր գործարքների հնարավորությունները։ Հետո կգնաք բանկ, պարզաբանումներ կստանաք, բայց այդ պահին արագ գործելու համար շատ լավ հնարավորություն է ամբողջն արգելափակելը»,-ասաց Արմենուհի Մկրտչյանը։
Այս նոր գործիքը հնարավորություն կտա նվազեցնել ռիսկերը, բայց խնդիրը չի զրոյացվի, որովհետև զեղծարարության մեխանիզմները անընդհատ կատարելագործվում են, ու յուրաքանչյուրը կարող է դառնալ դրա զոհը։
«Հետևաբար մեր հորդորն է անձնական տվյալները չփոխանցել ուրիշին, կասկածելի, անծանոթ հղումների վրա չսեղմել, կասկածելի զանգերի դեպքում անպայման անձամբ դիմել բանկին, ճշտել։ Վստահեցնում եմ, ԱԱԾ-ից, Կենտրոնական բանկից, ՀՀ կառավարության աշխատակազմից ձեզ չեն զանգի ու չեն ասի հրատապ այս կամ այն քայլերն արեք։ Պետք է լինելու ուշադիր ու զգոն»,-ասաց Արմենուհի Մկրտչյանը։
2025 թվականի ընթացքում հանրապետությունում գրանցել է 1102 զեղծարարության դեպք, վնասը կազմել է 876 մլն դրամ։ Եղած ընդհանուր դեպքերից 643-ի դեպքում օնլայն վարկ է ձևակերպվել։ Զեղծարարները, քաղաքացու վստահությունը ձեռք բերելով, ստանում են նրա այն տվյալները, որոնք անհրաժեշտ են թվային հավելված մտնելու համար։
Արմենուհի Մկրտչյանը նկատեց, որ այլ երկրների համեմատ զեղծարարության այս ցուցանիշը բավական փոքր է, սակայն դա չի նշանակում, որ այն չի մեծանա։ Հետևաբար, անհրաժեշտ է, որ պաշտպանիչ, ռիսկերը նվազեցնող գործիքներ կիրառվեն։