Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը նախատեսում է 65 միլիոն 222 հազար դրամով ավելացնել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին ուղևորափոխադրումներից ստացված վնասի դիմաց տրամադրվող սուբսիդիան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան չզեկուցվող նախագիծն ընդգրկված է Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։
Նախագծով 2026 թվականի պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը կավելացվեն 65 միլիոն 222,3 հազար դրամով։ Ամբողջ գումարը կուղղվի «Երկաթուղային ցանցի զարգացում» ծրագրին։
2025 թվականի արդյունքներով «Հարավկովկասյան երկաթուղի»-ին վճարման ենթակա սուբսիդիայի չափը կազմել է 312 միլիոն 211 հազար դրամ, մինչդեռ 2026 թվականի պետական բյուջեով այդ նպատակով նախատեսվել էր 246 միլիոն 989 հազար դրամ։
Արդյունքում ձևավորվել է 65 միլիոն 222,3 հազար դրամի կրեդիտորական պարտք, որը նախատեսվում է մարել առաջարկվող փոփոխությամբ։
Հայաստանի, «Հարավկովկասյան երկաթուղի» և «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունների միջև 2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագրով նախատեսված է, որ պետությունը մասնակիորեն փոխհատուցում է համաձայնեցված ուղղություններով ուղևորափոխադրումներից ընկերության կրած տարեկան վնասը։
2016-2038 թվականների համար փոխհատուցման չափը սահմանված է հաստատված վնասի 30 տոկոսի չափով։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ բյուջեից լրացուցիչ ֆինանսական բեռ չի առաջանա, քանի որ սուբսիդիան վճարվում է ընկերության կողմից պետական բյուջե փոխանցվող կոնցեսիոն վճարին համարժեք չափով։
2025 թվականի համար կոնցեսիոն վճարը նույնպես կազմել է 312 միլիոն 211 հազար դրամ, որը ընկերությունը պետական բյուջե է վճարել 2026 թվականի հունիսի 4-ին։
Նախագծի ընդունմամբ Կառավարությունը կապահովի կոնցեսիոն պայմանագրով ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարումը։