Կրթություն

ԿԳՄՍՆ և ԿԲ ներկայացուցիչները քննարկել են ֆինանսական կրթության զարգացմանն առնչվող հարցեր

5 րոպեի ընթերցում

ԿԳՄՍՆ և ԿԲ ներկայացուցիչները քննարկել են ֆինանսական կրթության զարգացմանն առնչվող հարցեր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներին և ֆինանսական կրթության միջազգային փորձագետ Լեոնոր Ռիիթսալուին՝ քննարկելու «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի երկրորդ փուլի իրականացմանն առնչվող հարցեր։

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի այլ ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկման ընթացքում հստակեցվել են նախարարության և Կենտրոնական բանկի հետագա համագործակցության առաջնահերթ ուղղությունները, համաձայնեցվել են առաջիկա քայլերը՝ կարևորելով շարունակական աշխատանքային հաղորդակցությունը՝ ֆինանսական կրթության զարգացման նպատակով։

ԿԳՄՍ նախարարությունը և ՀՀ կենտրոնական բանկը 2017 թվականից համատեղ իրականացնում են «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը։ Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկարամյա համագործակցության արդյունավետությունը՝ ընդգծելով, որ ֆինանսական գրագիտությունը քաղաքացիների բարեկեցության, պատասխանատու ֆինանսական վարքագծի, ֆինանսական կայունության և տնտեսական ակտիվ մասնակցության կարևոր նախապայմաններից է։

Նախարարի խոսքով՝ ֆինանսական կրթության զարգացումը հատկապես կարևոր է դպրոցական և երիտասարդական տարիքում, քանի որ հենց այդ փուլում ձևավորվող գիտելիքներն ու հմտություններն են հետագայում նպաստում գրագետ ֆինանսական սովորույթների ձևավորմանը։ Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է երիտասարդական կենտրոնների հիմնման պետական ծրագրին՝ նշելով, որ ֆինանսական կրթության ծրագրեր կարող են իրականացվել նաև նման կենտրոններում՝ որպես ոչ ֆորմալ կրթություն որևէ տեղ չսովորող և չաշխատող երիտասարդների համար։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերջին տարիներին ֆինանսական կրթությունը համակարգային կերպով ինտեգրվել է հանրակրթության բովանդակությանը՝ 2–11-րդ դասարաններում դասավանդվող «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաների շրջանակում։

«ԿԲ-ի հետ համագործակցության ամենակարևոր ձեռքբերումներից մեկը կրթական բովանդակության վերանայումն ու ֆինանսական կրթության ծրագրի ինստիտուցիոնալացումն է,  որը թիմային  համատեղ աշխատանքի արդյունք է։ Փորձել ենք ձևավորել համակարգային մոտեցում, որպեսզի ֆինանսական կրթությունը դառնա կրթական համակարգի անբաժանելի մասը։ Այս առումով մեր կարևորագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ կարողությունների զարգացումը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով մարդկային ներուժի զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը:

Նա նշել է նաև, որ ֆինանսական գրագիտությունը կյանքի կարևորագույն հմտություններից է, որը սերտորեն փոխկապակցված է նաև թվային միջավայրում անվտանգ գործելու կարողությունների հետ։ Այդ համատեքստում նա կարևորվել է ֆինանսական գրագիտության, կիբեռանվտանգության և մեդիագրագիտության ոլորտներում իրականացվող աշխատանքների ինտեգրված մոտեցումը:

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը բարձր է գնահատել ԿԳՄՍ նախարարության և Կենտրոնական բանկի միջև ձևավորված երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով, որ համատեղ իրականացվող աշխատանքի շնորհիվ ֆինանսական կրթությունը դարձել է հանրակրթության բովանդակության կայուն բաղադրիչ։ Ֆինանսական կրթության միջազգային փորձագետ Լեոնոր Ռիիթսալուն ևս կարևորել է իրականացված աշխատանքները՝ ընդգծելով, որ Հայաստանի փորձը ֆինանսական կրթության համակարգային ներդրման և տարբեր շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցության հաջող օրինակ է։

Անդրադառնալով ծրագրի երկրորդ փուլի առաջնահերթություններին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է միջառարկայական մոտեցման կարևորությունը՝ նշելով, որ ֆինանսական գրագիտության արդյունավետության բարելավման համար անհրաժեշտ է այն առավել լայնորեն ինտեգրել կրթական բովանդակությանը, մասնավորապես՝ թվային գրագիտությանը՝ փոխկապակցելով այլ առարկաների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործայցությանն առնչվող այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում