Մշակույթ

«Սերատարափ» Վարդավառ Կողբում՝ երաժշտությամբ, արվեստով և հայկական ավանդույթներով

4 րոպեի ընթերցում

«Սերատարափ» Վարդավառ Կողբում՝ երաժշտությամբ, արվեստով և հայկական ավանդույթներով

Իսկական հայկական Վարդավառ՝ ազգային ոգով, ջրով, ժպիտներով և ջերմ ու հիշարժան մթնոլորտով: Տավուշի մարզի Կողբ գյուղում «Կողբ-Վարդավառ» ամենաջրառատ փառատոնն արդեն չորրորդ տարին անընդմեջ համախմբում է բոլորին՝ այս տարի «Սերատարափ» կարգախոսի շուրջ:

Փառատոնի երկրորդ օրվա համերգային ծրագրի շրջանակում բեմում էր «Սիմֆոնիկ Ֆոլկը»՝ համադրելով հայկական ժողովրդական երաժշտության շունչն ու սիմֆոնիկ հնչողության ուժը, ինչպես նաև Գարիկն ու Սոնան։ Երեկոն ավարտվեց տոնական հրավառությամբ։

Ձեռագործ ոչ մի իր առանց սիրո չի ծնվում։ Եվ քանի որ Կողբ Վարդավառի այս տարվա թեման «Սերատարափ»-ն էր, այդ սերը զգացվում էր յուրաքանչյուր անկյունում՝ հատկապես էքսպո տաղավարներում, որտեղ ներկայացվեցին ձեռագործ աշխատանքներ, արվեստի գործեր, հուշանվերներ և տեղական արտադրանք։ Այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու տարբեր վարպետների աշխատանքներին, նրանց ստեղծագործական ուղուն և ներկայացված արտադրանքին։

Փառատոնի գաստրո անկյունում սերը նույնպես համ ու հոտ ուներ: Այստեղ պատրաստվում էին ամենահամեղ ուտեստներն ու ամենաանուշաբույր խմիչքները, որոնք միավորում էին մասնակիցներին՝ պատահական հաճելի հանդիպումների, երկար զրույցների, կենացների ու ծիծաղով լի պահերի շուրջ՝ ստեղծելով տոնական և հյուրընկալ միջավայր։

Փառատոնի արվեստների անկյունում անցկացվեցին բատիկայի, կարպետագործության և տիկնիկագործության վարպետաց դասեր։ Միաժամանակ հայկական ավանդական արհեստների գոտում մասնակիցները ծանոթացան կավագործության, մանրանկարչության և փայտի փորագրության արվեստին՝ մասնակցելով համապատասխան վարպետաց դասերին։

Մշակութային ծրագրի շրջանակում տեղի ունեցավ նաև հանդիպում գրող Ռուբեն Եսայանի հետ։ Գրքերի քննարկման ընթացքում անդրադարձան  հեղինակի «Թունելից 13 կմ հեռավորության վրա», «Վանականներն ունեն գաղտնիք», «Մարդասպանը ես եմ» և «Մյուսը» վեպերին, որոնց շուրջ ծավալվեց քննարկում։

Դե իսկ եռօրյա  փառատոնը եզրափակվեց վարդավառի բուն՝ իրար ջրելու ուրախ արարողությամբ, որի ընթացքում ազգային շունչ և տոնական տրամադրություն ստեղծեց «Կարին» ավանդական երգի-պարի համույթը: Հայկական ժողովրդական երգն ու պարը, դհոլի և զուռնայի հնչյունների ներքո կազմակերպված շուրջպարերը փառատոնի մասնակիցներին փոխանցեցին ազգային տոնի մթնոլորտը։

«Արմենպրես»-ի  հետ զրույցում Կողբ հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանը նշեց՝ փառատոնի ծրագիրը կազմվել է այնպես, որ հետաքրքիր լինի տարբեր նախասիրություններ ունեցող այցելուների համար։

«Փորձել ենք ծրագիրը նախագծել այնպես, որ այն լինի բազմաբովանդակ, և յուրաքանչյուր այցելու կարողանա գտնել իրեն հետաքրքրող զբաղմունք։ Փառատոնի ընթացքում գործում էին տարբեր թեմատիկ գոտիներ։ Բացի արվեստի գոտու վարպետաց դասերից, էքսպո ու գաստրո տաղավարներից, երաժշտությունից  ու տարբեր ձևաչափերի  ցուցադրություններից փառատոնի տարածքում գործում էր նաև հանգստի գոտի, որտեղ համադրված էին յոգան և արոմաթերապիան։ Այն նախատեսված էր նրանց համար, ովքեր կցանկանան որոշ ժամանակ կտրվել փառատոնի ակտիվ միջավայրից, հանգստանալ և լիցքաթափվել։

Ծրագրում ներառված էին նաև գրական և կինեմատոգրաֆիական քննարկումներ։ Ունեցանք նաև Ռուբեն Եսայանի «Թունելից 13 կմ հեռավորության վրա» ստեղծագործության հիման վրա նկարահանված ֆիլմի ցուցադրությունը, որին հաջորդեց գրքի և ֆիլմի քննարկումը՝ հեղինակի, դերասան Սոս Ջանիբեկյանի և բոլոր ցանկացողների մասնակցությամբ»,-նշեց նա:

Մարիա Պետրոսյանը նշեց, որ այս տարի փառատոնի երաժշտական ծրագրին  միացել են նաև արտերկրից ժամանած դիջեյներ, որոնք իրենց ելույթներով լրացրին տոնական մթնոլորտը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում