Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
1 րոպեի ընթերցում

Կայացել է Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Համաժողովի մեկնարկին ամիսներ են մնացել․ քննարկեցինք նախապատրաստական աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները՝ կենտրոնանալով կազմակերպչական մի շարք առանցքային ուղղությունների վրա։
Անդրադարձ կատարվեց բարձր մակարդակի հատվածի և առաջնորդների գագաթնաժողովի կազմակերպմանը, կապույտ և կանաչ գոտիների նախապատրաստական աշխատանքներին, համաժողովի անցկացման վայրերում իրականացվող ենթակառուցվածքային և տեխնիկական աշխատանքներին, էներգամատակարարման ապահովմանը, ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքների պատրաստվածությանը, ինչպես նաև առողջապահական անվտանգության և բժշկական սպասարկման կազմակերպման հարցերին։
COP17-ի հաջող անցկացումը պահանջում է համակարգված և հետևողական աշխատանք բոլոր ներգրավված կառույցների միջև։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կապահովենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան համաժողովի կազմակերպումն ու անցկացումը»,- գրել է նախարարը։