«Ոսկե ծիրան» 23-րդ կինոփառատոնի բացումը կմեկնարկի եզակի երաժշտական ինստալացիա-պերֆորմանսով

3 րոպեի ընթերցում

Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի բացումը կազդարարվի բոլորովին նոր արվեստային փորձառությամբ։ Փառատոնի մեկնարկը կտրվի հուլիսի 13-ին Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Chora Gavit: A Score for Moving Bodies տարածական երաժշտական ինստալացիա-պերֆորմանսով, որը կինոփառատոնի մուտքը կվերածի ստեղծագործական իրադարձության։ Այն իրականացվում է hosq հիմնադրամի հետ համագործակցությամբ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դա դասական համերգ կամ բեմական ներկայացում չէ։ Այստեղ բեմ չկա, չկա նաև մեկ կենտրոն կամ «ճիշտ» դիտակետ։ Փոխարենը երաժիշտները կտեղակայվեն նախասրահի տարբեր հատվածներում՝ ձևավորելով կենդանի ձայնային միջավայր, որի միջով կանցնեն հյուրերը։ Յուրաքանչյուր այցելու, իր շարժման ուղղությունից, կանգառներից, լսողության կետերից և ուշադրությունից կախված, կվայելի ստեղծագործության սեփական տարբերակը։

Chora Gavit: A Score for Moving Bodies-ը կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկում է նոր մոտեցում։ Մինչ առաջին ֆիլմի ցուցադրությունը, մինչ առաջին կադրը և պաշտոնական բացման արարողությունը, հանդիսատեսն արդեն կհայտնվի արվեստի ներսում։ Մուտքը կինոփառատոն այլևս պարզապես անցում չէ, այլ առաջին կինեմատոգրաֆիկ փորձառությունը։

Նախագծի կոմպոզիտորը սահմանում է երաժշտական համակարգը, երաժիշտներն այն կենդանացնում են իմպրովիզացիայի միջոցով, իսկ տարածքն ու հանդիսատեսի շարժումը դառնում են ստեղծագործության հավասարազոր համահեղինակներ։  Նախագծի անվանումը միավորում է երկու կարևոր հասկացություն։ Chora-ն հին հունական փիլիսոփայական եզրույթ է, որը խորհրդանշում է ձևավորման, հնարավորությունների և ծնունդի տարածքը, իսկ Gavit-ը հայկական ճարտարապետական ավանդույթում եկեղեցական գավիթն է։ Այս գաղափարների համադրությամբ փառատոնի նախասրահը վերածվում է ժամանակակից «գավիթի», որտեղ քաղաքային առօրյան աստիճանաբար փոխակերպվում է կինոփառատոնի ստեղծագործական իրականության։

Chora Gavit: A Score for Moving Bodies-ը հիմնված է site-specific արվեստի սկզբունքների վրա, որտեղ տարածքը պարզապես միջավայր չէ, այլ ստեղծագործության կարևոր բաղադրիչ։ Այստեղ երաժշտությունը դառնում է միջավայր, ճարտարապետությունը՝ գործիք, իսկ մարդու շարժումը՝ ստեղծագործության կենդանի պարտիտուրա։

Այս յուրահատուկ ինստալացիա-պերֆորմանսով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և hosq-ը հանդիսատեսին առաջարկում են վերաիմաստավորել կինոյի մեկնարկի գաղափարը՝ ցույց տալով, որ կինոն սկսվում է ոչ միայն էկրանին, այլև տարածության, լույսի, ձայնի և մարդկային շարժման փոխհարաբերության մեջ։

Հայերեն Русский