Կրկնակի դիպլոմ՝ ՀԱԱՀ-ի և Գայզենհայմի համալսարանի մագիստրոսական կրթություն ստացողների համար
2 րոպեի ընթերցում
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) և Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի համագործակցության շրջանակն ընդլայնվում է։ Հուլիսի 9-ին Գերմանիայում կայացած հանդիպման ժամանակ ՀԱԱՀ-ի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը և Գայզենհայմի համալսարանի նախագահ Կարլ Մյուլինգը համատեղ ստորագրել են հուշագիր երկու բուհերի միջև գործակցությունը խորացնելու վերաբերյալ։
«Արմենպրես»-ի թղթակցին ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանը տեղեկացրեց, որ, ըստ էության, կողմերի միջև ձեռք է բերվել համաձայնություն կյանքի կոչելու մի ծրագիր, որով ուսանողներին հնարավորություն է տրվելու մագիստրոսական կրթության մեկ տարին ուսանել Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, մեկ տարին՝ Գերմանիայի Գայզենհայմի համալսարանում։ «Այս կրթական ծրագիրը կյանքի կոչելուց հետո ՀԱԱՀ-ում և Գայզենհայմի համալսարանում մագիստրոսական կրթություն ստացած ուսանողները կստանան կրկնակի՝ երկու համալսարանի դիպլոմ։ Դեռևս քննարկման փուլում են ուսանողների ուսումնառության ֆինանսական հարցերը»,-նշեց ՀԱԱՀ ռեկտորը։
Հրաչյա Զաքոյանը կարծում է, որ ծրագրի իրականացումն իրատեսական է, քանի որ հայկական բուհն ունի նմանատիպ փորձ Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) շրջանակներում ուսանողների ուսումնառությունը կազմակերպելու արտերկրի հեղինակավոր բուհերում։
«Ծրագրի մանրամասները հստակեցվելուց հետո այն կհաստատվի ՀԱԱՀ-ի գիտական խորհրդի կողմից, այնուհետև կդիմենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ լիցենզիա ստանալու համար, որից հետո կմեկնարկի ընդունելության գործընթացը»,-ավելացրեց Զաքոյանը։
Մագիստրոսական կրթությունը Գերմանիայում կիրականացվի անգլերենով։