Սինցզյանի ազգային թանգարանում մեկտեղվում են հնագույն քաղաքակրթությունները, էթնիկ մշակույթներն ու Մետաքսի ճանապարհի հետքերը
2 րոպեի ընթերցում

Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի մայրաքաղաք Ուրումչիում գտնվող Սինցզյանի ազգային թանգարանը Չինաստանի և Կենտրոնական Ասիայի ամենահին, ամենամեծ և ամենահետաքրքիր թանգարաններից մեկն է: Այնտեղ ցուցադրվում է ավելի քան 50 հազար եզակի պատմական ցուցանմուշ:
Սինցզյանի ազգային թանգարանը հիմնադրվել է 1953 թվականին։ Այն սկզբում գտնվել է քաղաքի Ժողովրդական այգում: 1962 թվականին թանգարանը տեղափոխվել է ույղուրական ազգային ոճով գմբեթավոր ժամանակակից շենք։ Ավելի ուշ կառուցվել է կապույտ ապակե ճակատով ժամանակակից ոճով՝ 10 նոր դահլիճով ընդլայնված շենք։ Ցուցասրահների ընդհանուր մակերեսը գրեթե 8 հազար քմ է:
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Սինցզյանի ազգային թանգարանի ազգագրության սրահում կարելի է ծանոթանալ տեղի ժողովուրդների ավանդույթներին և մշակույթին, իմանալ նրանց ազգային տարազների, կենցաղի, հարսանեկան և թաղման արարողությունների, ազգային խոհանոցի, կրոնի և այլ սովորույթների մասին։
Ցուցասրահներից մեկում ցուցադրվում են հին մշակույթի և արվեստի հազարից ավելի արժեքավոր իրեր, որոնք հայտնաբերվել են Մեծ մետաքսի ճանապարհի տարածքում պեղումների ժամանակ։ Այս հավաքածուի որոշ ցուցանմուշներ ավելի քան 5 հազար տարեկան են և ներառում են նուրբ մետաքսե գործվածքներ, կերամիկա, կավե իրեր, մետաղադրամներ, ձեռագրեր, գրքեր, զենքեր, երաժշտական գործիքներ։ Այստեղ կարելի է տեսնել նաև հին առևտրային երթուղիների քարտեզներ, առարկաներ Չինաստանից, Միջին Ասիայից, Եվրոպայից։ Թանգարանում ցուցադրվում են նաև տարբեր մշակույթների, կրոնների և քաղաքակրթությունների փոխգործակցության մասին վկայող իրեր։
Սինցզյանի ազգային թանգարանում մեկտեղվում են հնագույն քաղաքակրթությունները, տարատեսակ էթնիկ մշակույթներն ու Մեծ մետաքսի ճանապարհի հետքերը։
