Ուրումչիի Գրանդ բազարը՝ ույղուրական մշակույթի մասնիկ
2 րոպեի ընթերցում

Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի մայրաքաղաք Ուրումչի ճանապարհորդելիս չպետք է բաց թողնել այցելությունը Գրանդ բազար, որը գտնվում է Ուրումչի քաղաքի Տիանշան շրջանում՝ գրեթե 100 հազար քմ շինարարական տարածքով և 3000 խանութով: Այն Չինաստանի ամենամեծ շուկաներից մեկն է՝ կենտրոնացված ույղուրական մշակութային տարրերով:
Գրանդ բազարի ճարտարապետական ոճն իսլամական է, որն արտացոլում է արևմտյան շրջանների եզակի առանձնահատկությունները: Ազգային հուշանվերների բազմազանությունն ապշեցուցիչ է: Գրանդ բազար այցելությունը հիշեցնում է Կենտրոնական Ասիայի շուկայում զբոսանք և առևտուր:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակիցը փոխանցում է Ուրումչիից, այստեղ վաճառվում են Սինցզյանի համեղ չրերի բազմազանություն, որոշ ազգային երաժշտական գործիքներ, ձեռագործ իրեր: Շուկայում կարելի է գտնել նաև մրգեր, հագուստ, դանակներ, գորգեր և այլն:
Տեղացի ույղուրները խանութների առջև նվագում են իրենց ժողովրդական երաժշտությունը:
Գրանդ բազար մտնելիս կարելի է տեսնել հրապարակի կենտրոնում մոտ 100 մետր բարձրությամբ կլոր աշտարակ, որն այդ շուկայի ամենահայտնի տեսարժան վայրն է և կոչվում է Մետաքսի ճանապարհի տեսարժան աշտարակ: Աշտարակի յուրաքանչյուր հարկում նկարներն ու ցուցահանդեսները ցույց են տալիս Մետաքսի ճանապարհի պատմությունը:
Ամեն օր շուկա է այցելում մոտ 20 հազար մարդ։
