Չինաստան

Սինցզյանի «Մուքամ» արվեստի թատրոնը՝ ույղուրական յուրօրինակ մշակույթի ​​ժառանգության պահապան

2 րոպեի ընթերցում

Սինցզյանի «Մուքամ» արվեստի թատրոնը՝ ույղուրական յուրօրինակ մշակույթի ​​ժառանգության պահապան

Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի մայրաքաղաք Ուրումչիի ամենահայտնի մշակութային հաստատություններից մեկը Սինցզյանի «Մուքամ» արվեստի թատրոնն է, որի հիմնական առանձնահատկությունը հին ույղուրական թատերական յուրօրինակ ժանրի՝ մուքամի ներկայացումն է:

Մուքամը բազմաշերտ երաժշտական  ստեղծագործություն է, որը համատեղում է վոկալը, գործիքային կատարումն ու խորեոգրաֆիան: Մուքամը ույղուրական բեմադրության յուրօրինակ ձև է, որտեղ ներգրավված են տարբեր արտիստներ՝ երաժիշտներ, երգիչներ, պարողներ: Մուքամ ներկայացնողներն աչքի են ընկնում վառ ու գույնզգույն, յուրօրինակ զգեստներով, ներկայացումն ունենում է հարուստ բեմական ձևավորում, և այս ամենը զուգորդվում է ավանդական ույղուրական գործիքներ նվագող նվագախմբի կատարումներով: 

Մուքամը բաղկացած է 4 մասից՝ ներածություն, հիմնական ներկայացում, բանաստեղծական պատմություն, եզրափակիչ գործողություն։

Մուքամը կատարվել և կատարվում է զանգվածային և ընտանեկան տոնակատարությունների ժամանակ: 

Մուքամի տեքստերը ներառում են ժողովրդական բանաստեղծություններ և դասական արևելյան պոեզիայի ստեղծագործություններ: Այս ստեղծագործություններն արտացոլում են ույղուր ժողովրդի փիլիսոփայական, գեղագիտական ​​հայացքներն ու միտքը:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ճանաչողական այցով Ուրումչիում գտնվող միջազգային լրագրողներն այցելել են Սինցզյանի «Մուքամ» արվեստի թատրոն, որտեղ թատրոնի գործունեությանը ծանոթացել են որոշ կատարումներով։ 

Սինցզյանի «Մուքամ» արվեստի թատրոնի շենքը կառուցվել է 2010 թվականին՝ զբաղեցնելով 17 հազար քմ տարածք։

Թատրոնի բակում անվանի ույղուր երաժիշտ Թուրդի Ախունի հուշարձանն է, ով անգնահատելի ներդրում է ունեցել մուքամի պահպանման գործում: Նրա շնորհիվ ձայնագրվել և հրատարակվել են այս ժանրի հիմքը կազմող 12 հիմնական մուքամների կատարումները:

Մուքամը շարունակում է ակտիվորեն զարգանալ նաև այսօր։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում