Կրթություն

Կրկնակի դիպլոմ՝ ՀԱԱՀ-ի և Գայզենհայմի համալսարանի մագիստրոսական կրթություն ստացողների համար

2 րոպեի ընթերցում

Կրկնակի դիպլոմ՝ ՀԱԱՀ-ի և Գայզենհայմի համալսարանի մագիստրոսական կրթություն ստացողների համար

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) և Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի համագործակցության շրջանակն ընդլայնվում է։  Հուլիսի 9-ին Գերմանիայում կայացած հանդիպման ժամանակ ՀԱԱՀ-ի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը և Գայզենհայմի համալսարանի նախագահ Կարլ Մյուլինգը համատեղ ստորագրել են հուշագիր երկու բուհերի միջև գործակցությունը խորացնելու վերաբերյալ։

«Արմենպրես»-ի թղթակցին ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանը տեղեկացրեց, որ, ըստ էության, կողմերի միջև ձեռք է բերվել համաձայնություն կյանքի կոչելու մի ծրագիր, որով ուսանողներին հնարավորություն է տրվելու մագիստրոսական կրթության մեկ տարին ուսանել Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, մեկ տարին՝ Գերմանիայի Գայզենհայմի համալսարանում։ «Այս կրթական ծրագիրը կյանքի կոչելուց հետո ՀԱԱՀ-ում և Գայզենհայմի համալսարանում մագիստրոսական կրթություն ստացած ուսանողները կստանան կրկնակի՝ երկու համալսարանի դիպլոմ։ Դեռևս քննարկման փուլում են ուսանողների ուսումնառության ֆինանսական հարցերը»,-նշեց ՀԱԱՀ ռեկտորը։

Հրաչյա Զաքոյանը կարծում է, որ ծրագրի իրականացումն իրատեսական է, քանի որ հայկական բուհն ունի նմանատիպ փորձ Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) շրջանակներում ուսանողների ուսումնառությունը կազմակերպելու արտերկրի հեղինակավոր բուհերում։

«Ծրագրի մանրամասները հստակեցվելուց հետո այն կհաստատվի ՀԱԱՀ-ի գիտական խորհրդի կողմից, այնուհետև կդիմենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ լիցենզիա ստանալու համար, որից հետո կմեկնարկի ընդունելության գործընթացը»,-ավելացրեց Զաքոյանը։

Մագիստրոսական կրթությունը Գերմանիայում կիրականացվի անգլերենով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում