Հիդրոպոնիկ ջերմատները՝ Չինաստանի գյուղատնտեսության կարևոր մաս
2 րոպեի ընթերցում

Հիդրոպոնիկ ջերմատները դարձել են Չինաստանի ժամանակակից գյուղատնտեսության կարևոր բաղադրիչ։ Այս ոլորտում վերջին տարիներին նկատվում է նշանակալի զարգացում հատկապես Չինաստանի արևմտյան շրջաններում՝ ներառյալ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում։
Հիդրոպոնիկ ջերմատան տեխնոլոգիան թույլ է տալիս աճեցնել բույսեր՝ առանց հողի օգտագործման, ինչը հատկապես կարևոր է չոր և աղքատ հողերով տարածքներում։
Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի մայրաքաղաք Ուրումչիի «Գյուղատնտեսական ցուցադրության այգի» կենտրոնը, որը զբաղեցնում է ավելի քան 16 հազար քմ, բաժանված է 3 մասի։ Ինչպես «Արմենպրես»-ի թղթակիցը տեղեկացնում է Չինաստանից, կենտրոնն ունի խոշոր հիդրոպոնիկ ջերմատուն, այստեղ տեղ է հատկացված նաև աշխարհագրական տարածքին բնորոշ կենդանական աշխարհի և հետաքրքիր, էկզոտիկ ու դեկորատիվ բույսերի ցուցադրությանը։
Կենտրոնի մասնագետ-ղեկավար Յեն Դձին տեղեկացնում է, որ ջերմատանն աճում է ավելի քան 40 տեսակ բույս՝ դեկորատիվ բույսերից մինչև սննդի մեջ պարտադիր օգտագործման բույսեր։ Այս բույսերի մշակման համար մարդկային գործոնը հավասարեցված է զրոյի։ Յեն Դձիի պնդմամբ՝ այս ջերմատունն աչքի է ընկնում հատկապես լոլիկի արտադրությամբ, քանի որ կարծիք կա, որ այդ տարածաշրջանի լոլիկն ամենահամեղն է երկրում։

Կենտրոնի ղեկավարը նշում է, որ իրենց արտադրանքից օգտվում են ոչ միայն տեղացի սպառողները, այլև արտադրանքն արտահանվում է։
