Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով. հանրապետության մեծ մասում կդադարեն տեղումները

2 րոպեի ընթերցում

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով. հանրապետության մեծ մասում կդադարեն տեղումները

Հայաստանը հուլիսի 8-ին դեռևս կգտնվի Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։ Հանրապետության մի շարք շրջաններում կշարունակվեն ամպրոպային անձրևները, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Սակայն հուլիսի 9-10-ին եղանակային պայմանները կփոխվեն, և օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» -ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Հուլիսի 8-ին հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային անձրևներ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Միաժամանակ կշարունակվի հյուսիս-արևմուտքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցումը, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կմնա կլիմայական նորմայից ցածր։

Հուլիսի 9-10-ին Հայաստանի տարածք հարավից կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը հուլիսի 8-ի համեմատ կբարձրանա 6-8 աստիճանով»,– նշել է Սուրենյանը։

Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Արարատյան դաշտում և Երևանում, որտեղ հուլիսի 10-11-ին օդը կտաքանա մինչև 36-37 աստիճան։

Հուլիսի 9-14-ը հանրապետությունում կգերակշռի առանց տեղումների եղանակը։ Բացառություն կկազմեն Շիրակի, Լոռու և Տավուշի առանձին շրջանները, որտեղ երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև ամպրոպային անձրևներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում