Եթե չնախատեսված որևէ իրադարձություն տեղի չունենա, Իրան-ԱՄՆ բանակցությունները կկայանան գալիք շաբաթ. դեսպան Շիրղոլամի
3 րոպեի ընթերցում

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրողլամին անդրադարձել է իրանա-ամերիկյան բանակցությունների հեռանկարին՝ տեղեկացնելով, որ հաջորդ շաբաթ Իսլամաբադում պետք է տեղի ունենան երկօրյա ձևաչափով բանակցություններ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպան Շիրղոլամին այդ մասին ասել է հուլիսի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Դեսպանը ներկայացրել է իրանական կողմի դիրքորոշումն առ այն, որ տարածաշրջանում պետք է լինի խաղաղություն, և այդ ճանապարհին Իրանը հաստատակամորեն պատրաստ է հետամուտ լինել իր ժողովրդի իրավունքների իրացմանը, որը ենթարկվել է ագրեսիայի։
«Բանակցություններում մեր դիրքորոշումը շատ վճռական է, լուրջ և ունի նպատակներին հասնելու հստակ միտում»,- ընդգծեց Շիրղոլամին։
Դեսպանն անդրադարձել է հուլիսի 8-ին ամերիկյան կողմից Իրանում գտնվող շուրջ 80 թիրախի հասցված հարվածների և դրան ի պատասխան Իրանի կողմից տարածաշրջանում ամերիկյան 85 ռազմական օբյեկտների թիրախավորմանը։
«Ճիշտ կլինի նմանօրինակ բախումները բանակցությունների շրջանակում դիտարկել որպես մարտավարական քայլեր, սակայն դրանց հետևանքով կողմերը չեն հետապնդում լայնամասշտաբ պատերազմ նախաձեռնելու միտում։ Իրանն արդեն իսկ ցույց է տվել իր կամքը և հակառակորդներին հասկացրել է, որ իր նկատմամբ նմանօրինակ ոտնձգություններն անպատասխան չեն մնա։ Այս ամենի հանգուցալուծման վերաբերյալ կան և՛ լավատեսական, և՛ հոռետեսական տարբերակներ։ Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի»,- ասաց Շիրղոլամին։
Նա հավելեց, որ հրադադարի շուրջ համաձայնագրի ստորագրման ուղին բավականին բարդ էր, և տեսնելով պատերազմի հետևանքներն ու վնասները՝ կողմերը համաձայնեցին հրադարարին։
«Այդուհանդերձ, ամերիկյան կողմը նախաստորագրված հուշագիրն արդեն խախտել է մի քանի անգամ։ Հենց երեկ խախտվեց համաձայնագրի 10-րդ կետը, որը վերաբերում է իրանական նավթի վաճառքին, ինչը պետք է տեղի ունենա առանց պատժամիջոցների։ Իրանն արդեն ցույց է տվել իր կամքը, որ այս պատերազմում երբեք չի ընկրկի իրեն պարտադրված գործողություններից ու չի հանձնվի բանակցությունների գործընթացում։ Ամեն դեպքում այդ բանակցությունների հերթական փուլը նախանշված է գալիք բաբաթվա ընթացքում, և եթե չնախատեսված որևէ իրադարձություն տեղի չունենա, այդ բանակցությունները կկայանան երկօրյա ձևաչափով։ Իսկ եթե բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները չհարգվեն, Իրանը դրան կտա համարժեք պատասխան»,- ասաց ՀՀ-ում ԻՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը։
Նշենք, որ ԱՄՆ-ն հուլիսի 7-ին չեղարկել է Իրանի դեմ նավթային պատժամիջոցների մեղմացումը։