Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/16 եզրափակչից առաջ
2 րոպեի ընթերցում

ՖԻՖԱ-ն հուլիսի 5-ին աննախադեպ որոշում է ընդունել՝ կասեցնելով ԱՄՆ ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ֆոլարին Բալոգունի՝ կարմիր քարտով պայմանավորված որակազրկումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջամտությամբ ՖԻՖԱ-ի կայացրած այս որոշումից հետո ամերիկացի ֆուտբոլիստը հնարավորություն կունենա մասնակցել հուլիսի 7-ին Բելգիայի հետ 1/16 եզրափակչի հանդիպմանը։
Բալոգունը, որը ֆուտբոլի Աշխարհի առաջնության ընթացքում ԱՄՆ հավաքականի լավագույն ռմբարկուն է՝ երեք գոլով, օրեր առաջ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում (2:0) կարմիր քարտ էր ստացել։ Այդ կարմիր քարտը ենթադրում էր մեկ խաղով որակազրկում։
Մամուլում տարածվել էին լուրեր, որ խաղից հետո Թրամփը զանգահարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին և խնդրել վերանայել կարմիր քարտի որոշումը։ Դրանից հետո ՖԻՖԱ-ն հուլիսի 5-ին հայտարարեց, որ 1/16 եզրափակչի հանդիպման համար ամերիկացի ֆուբոլիստի որակազրկումը չեղարկվել է։ Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, սա 1962 թվականից ի վեր առաջին դեպքն է, երբ աշխարհի առաջնությունում ստացած կարմիր քարտը չի հանգեցրել որակազրկման։
Այս անսովոր որոշումը դրվատանքի է արժանացել ԱՄՆ նախագահի կողմից, ով սոցիալական մեդիայի իր էջում գրել է․ «Շնորհակալություն ՖԻՖԱ-ին ճիշտ որոշում կայացնելու և այս մեծ անարդարությունը վերացնելու համար»։
Իսկ Բելգիայի հավաքականը դժգոհել է կայացված որոշման առնչությամբ։ Մասնավորապես, Բելգիայի ֆուտբոլի ասոցիացիան հայտարարել է, որ «ապշած է» այդ որոշումից։