Գյումրիում ընթացքի մեջ են մարմնամարզության մանկապատանեկան դպրոցի վերակառուցման աշխատանքները
2 րոպեի ընթերցում

Գյումրիում ընթացքի մեջ են մարմնամարզական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի վերակառուցման լայնածավալ աշխատանքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրիի համայնքապետարանից, սուբվենցիոն ծրագրի շնորհիվ վերջնական լուծում է տրվում տարիներ շարունակ շենքային անմխիթար պայմանների, անձրևաջրերի ու ոչ լիարժեք ջեռուցման պատճառով կուտակված լուրջ խնդիրներին։
Ծրագրի պատվիրատուն Գյումրիի համայնքապետարանն է, իսկ շինարարական մրցույթում հաղթել է «Կապիտալ շինքոնստրակշն» և «Բիդեք» ընկերությունների կոնսորցիումը։ Շինարարությունը մեկնարկել է 2025 թվականի սեպտեմբերին։ Ժամանակակից մարզադպրոցն իր դռները կբացի 2027 թվականիսեպտեմբերին։ Այժմ մարզադպրոցի շուրջ 200 սաները ժամանակավորապես իրենց պարապմունքներն անցկացնում են Գյումրիի ֆուտբոլի մանկապատանեկան մարզադպրոցում:
Նոր նախագծով կառույցն էապես տարբերվելու է նախկինից։ Եթե նախկինում օժանդակ հատվածները փայտաշեն էին, ապա այժմ դրանք ամբողջությամբ քանդվել են և կառուցվում են ժամանակակից չափանիշներով։ Փոփոխվել է նաև տարածքի բաշխվածությունը. Տրիբունայի նստատեղերը նախկինի համեմատ մի փոքր կրճատվել են՝ դառնալով 80 նստատեղ, ինչի հաշվին ընդլայնվել և ավելացվել են մարզիկների համար խիստ անհրաժեշտ օժանդակ սենյակները։
Համայնքապետարանից տեղեկացրին՝ տանիքի կաթոցների ու պատերի անորակության պատճառով առաջացած ջեռուցման խնդիրները ևս կմնան անցյալում. Տարածքում կառուցվելու է նոր կաթսայատուն, և գործելու է լոկալ ջեռուցման համակարգ։ Շինարարը վստահեցնում է՝ երկու տարի անց Գյումրիում կգործի եզակի ու ժամանակակից գիմնաստիկայի մարզադպրոց՝ նախատեսված բարձրակարգ պարապմունքների համար։
Այս կարևոր նախագիծը իրականացվում է համատեղ ֆինանսավորմամբ. Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 314 միլիոն դրամ: Գումարի 47 տոկոսը (մոտ 146 մլն դրամ), քաղաքային բյուջեի ներդրումն է, 45 տոկոսը (մոտ 141 մլն դրամ) հատկացրել է Կառավարությունը, իսկ մոտ 8 տոկոսը (26 մլն դրամ)՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը։