Քաղաքականություն

Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին դժվարին ժամանակներում ցուցաբերած աջակցության համար

3 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին դժվարին ժամանակներում ցուցաբերած աջակցության համար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 3-ին Թեհրանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել վերջինիս Իրանի համար դժվարին ժամանակահատվածում ցուցաբերած աջակցության և համերաշխության համար՝ ընդգծելով, որ Թեհրանի և Երևանի միջև ավելի ամուր հարաբերությունները օգտակար կլինեն երկու ազգերի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը:

Փեզեշքիանն ասել է, որ Հայաստանից ստացված կարեկցանքի ուղերձներն արտացոլում են երկու հարևան երկրների միջև խորը պատմական կապերն ու բարեկամությունը։

Մասուդ Փեզեշքիանը Հայաստան-Իրան հարաբերությունները բնութագրել է որպես փոխադարձ հարգանքի, բարիդրացիության և ընդհանուր շահերի վրա հիմնված՝ հավելելով, որ երկու երկրները մշտապես ընդլայնել են կառուցողական համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանին վերջին հակամարտության ընթացքում ցուցաբերած համագործակցության համար և հույս հայտնել, որ երկկողմ համագործակցության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունները շուտով կավարտվեն։

«Համաձայնագիրը կարող է նոր հնարավորություններ բացել համագործակցության համար՝ միաժամանակ ամրապնդելով մաքսային, տրանսպորտային, տարանցիկ, առևտրային և տնտեսական փոխանակումները։ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից և առաջնորդվեն երկու երկրների անկախ կամքով։ Տարածաշրջանայինից դուրս ուժերի առկայությունը հաճախ բարդացրել է տարածաշրջանային մարտահրավերները, այլ ոչ թե լուծել դրանք»,-իրանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ասել է Իրանի նախագահը։

Նա նաև վերահաստատել է Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքները՝ բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և վերահաստատել Թեհրանի նախընտրությունը՝ վեճերը լուծել երկխոսության և դիվանագիտության միջոցով։

Վարչապետ Փաշինյանը, իր հերթին, Հայաստանի ցավակցությունը փոխանցել է Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ հիշելով նահատակ առաջնորդի հետ իր հանդիպումները։

Նա վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը Իրանի հետ բարեկամական կապերին և ասել, որ Երևանը երբեք չի մասնակցի որևէ նախաձեռնության, որը հակասում է Իրանի անվտանգությանը կամ ազգային շահերին։ Նա հավելել է, որ երկկողմ հարաբերություններն այժմ գտնվում են իրենց ամենաուժեղ մակարդակում՝ Հայաստանի անկախությունից ի վեր։

ՀՀ վարչապետը հուլիսի 3-ին այցելել էր Թեհրան՝ մասնակցելու Իրանի հանգուցյալ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում