Կառավարությունները պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն՝ նպաստելով դիվանագիտության մեջ կանանց ավելի մեծ մասնակցությանը. Նաթիա Նացվլիշվիլի
6 րոպեի ընթերցում
Կանանց դիվանագիտության միջազգային օրվա առթիվ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը՝ ՀՀ ԱԳ նախարարության հետ համագործակցությամբ, կազմակերպել էր «Դիվանագիտությունը բոլորի համար՝ ընդլայնելով սահմանները, ներկայացվածությունն ու ազդեցությունը» խորագրով միջոցառումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցեցին կին դեսպաններ, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների և զարգացման գործընկերների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև դիվանագիտության և հանրային ծառայության ոլորտում կարիերա կառուցելու հետաքրքրություն ունեցող երիտասարդ կանայք։
Հայաստանը, որպես Կանանց դիվանագիտության միջազգային օրը սահմանող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի համահեղինակ, շարունակում է աջակցել գենդերային հավասարության և կանանց առաջնորդության առաջմղմանն ուղղված ջանքերին։
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր ելույթում նշեց, որ արդեն երրորդ անգամ է, ինչ իրենք նշում են ՀՀ-ում կին դիվանագետների միջազգային օրը։
«Մերօրյա աշխարհն առերեսվում է բազմաթիվ խնդիրների հետ, որոնք առնչվում են գլոբալ անվտանգությանը, կենսաբազմազանությանը և բազում այլ ոլորտների։ Մարտահրավերների աննախադեպ աստիճանը պահանջում է գործընկերության նոր մոտեցումներ ու եղանակներ պետությունների, միջազգային կառույցների և քաղհասարակության միջև, պահանջում է ժողովրդավարության նոր ձևաչափեր։ ժողովրդավարության օրակարգը գնալով ընդլայնվում է, ինչի արդյունքում երկրներն ավելի շատ են գիտակցում բազմազանության փորձ ունենալու անհրաժեշտությունը։ Ժողովրդավարությունը միայն ներկայացվածության խնդիր չէ, այլ ամրապնդում է որոշումների կայացման որակը, բարելավում է մեր քաղաքական ունակություններն՝ արձագանքելու ավելի բարդացող աշխարհի մարտահրավերներին»,- ասաց Նացվլիշվիլին։
Նրա դիտարկմամբ՝ միջոցառումը կարևոր է այն տեսանկյունից, որ քննարկվող հիմնական թեման առնչվում է դիվանագիտության մեջ ներգրավված կանանց գործունեությանը։
«2025 թվականի դրությամբ՝ կանայք մոտավորապես զբաղեցնում են դիվանագիտական կորպուսի 22 տոկոսը, ինչն էական ավելացում է՝ նախորդ տասնամյակի համեմատ։ Այդուհանդերձ դիվանագիտության ասպարեզում առաջնորդության դաշտը դեռևս հեռու է գենդերային հավասարակշռությունից, ուստի կառավարությունները պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն, որպեսզի նպաստեն տվյալ ոլորտում կանանց ավելի մեծ մասնակցությանը։ Ֆեմինիստական արտաքին քաղաքականության նպատակն է հստակեցնել և միասնական դարձնել մոտեցումները մարդու իրավունքների, անվտանգության, գենդերային հավասարության, ներառական ժողովրդավարության ոլորտներում»,- ասաց Նացվլիշվիլին։
Նա ՀՀ կառավարությանը շնորհավորեց Մադրիդյան հռչակագրի ընդունման կապակցությամբ, որն ամրապնդում է ֆեմինսիտական արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև գոհունակությամբ նշեց, որ ՀՀ-ում նման հանձնառությունները գնալով ավելի են կարևորվում։
«Ֆեմինիստական արտաքին քաղաքականությունը կարող է ապահովել միջազգային համագործակցության ամրապնդման նոր եղանակներ՝ վերահաստատելով համատեղ արժեքները և ձևավորելով այնպիսի ժողովրդավարություն, որն ավելի արձագանքող է դառնում բազմաշերտ հասարակության կարիքներին։ Նման միջոցառումներն, անշուշտ, կնպաստեն ավելի ներառական, արդյունավետ ու առաջահայաց դիվանագիտության ձևավորմանը»,- նշեց Նացվլիշվիլին։
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը վարեց երկու պանելային քննարկում։ «Ներառական արտաքին քաղաքականությունը հետընթացի ժամանակաշրջանում․ի՞նչ կարող ենք սովորել ֆեմինիստական արտաքին քաղաքականությունից» խորագրով քննարկման ժամանակ ՀՀ ԱՍՀ փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, ՀՀ-ում Ուրուգվայի դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինն հանգամանորեն անդրադարձան արտաքին քաղաքականության և դիվանագիտության մեջ գենդերային հավասարության, ներառականության և ներկայացվածության հարցերին։
Նրանք մասնավորապես խոսեցին այն մասին, թե ինչպես են կին դիվանագետներն ու քաղաքականություն մշակողները նպաստում միջազգային քննարկումներին, չափորոշիչների ձևավորմանը և դիվանագիտական ներգրավմանը, ազդեցության և առաջնորդության միջև փոխկապակցվածությանն արդի դիվանագիտության մեջ։
Երկրորդ քննարկման ժամանակ Կիպրոսում ՀՀ դեսպան Իննա Թորգոմյանը, ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը, ՀՀ-ում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, փորձագետ Էլեոնորա Սարգսյանը քննարկեցին կին դիվանագետների դերակատարությունն արտաքին քաղաքականության ավելի ներառական և ներկայացուցչական որոշումների գործում, անդրադարձան դիվանագիտության ոլորտում կանանց մասնակցության և առաջնորդության հիմնական խոչընդոտներին ու նոր հնարավորություններին։
Միջոցառումն, անկասկած, դարձել է կարևոր հարթակ փորձի փոխանակման, հաջողված փորձի ներկայացման և կին առաջնորդների նոր սերնդին ոգեշնչելու համար։
Նաթիա Նացվլիշվիլի, Սիլվանա Լեսկա Բարոլին, Ալեսսանդրո Ֆերրանտի, Տաթևիկ Ստեփանյան
Ռոբերտ Աբիսողոմոնյան
Ռոբերտ Աբիսողոմոնյան
Նաթիա Նացվլիշվիլի
Նաթիա Նացվլիշվիլի, Սիլվանա Լեսկա Բարոլին, Ալեսսանդրո Ֆերրանտի, Տաթևիկ Ստեփանյան
Նաթիա Նացվլիշվիլի