Սանդուն հայտարարել է, որ Մոլդովայի կառավարությունը պետք է երկիրը հաջողությամբ առաջնորդի դեպի ԵՄ. Moldpres
3 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Վարչապետ Ալեքսանդրու Մունտեանուի գլխավորած կառավարությունը կարևոր քայլեր է ձեռնարկել եվրաինտեգրման գործընթացում, և առաջ շարժվելով՝ Մոլդովայի կառավարությունում պետք է լինի միասնական ու ուժեղ թիմ, որը երկիրը կառաջնորդի դեպի Եվրամիություն, հայտարարել է նախագահ Մայա Սանդուն վարչապետ Ալեքսանդրու Մունտեանուի հրաժարականի ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres գործակալությունը։
«Մենք պետք է կառավարությունում ունենանք միասնական, ուժեղ թիմ, որը կիրականացնի մեր ազգային նպատակը՝ անդամակցությունը ԵՄ-ին։ Անհրաժեշտ են վճռական քայլեր տնտեսական զարգացման միջոցառումներ իրականացնելու և ինստիտուտները մաքրելու համար։ Մենք պարտավոր ենք հաջողության հասնել Մոլդովային Եվրամիությանը միացնելու և երկիրը զարգացնելու գործում», - ասել է Մայա Սանդուն։
Միևնույն ժամանակ, նախագահը շեշտել է, որ Մոլդովայի Հանրապետությունը եվրաինտեգրման գործընթացում հանձն է առել հավակնոտ առաջադրանքներ, որոնք պետք է իրականացվեն մինչև սեպտեմբերի 1-ը։ Այս համատեքստում նա կոչ է արել նախարարների կաբինետի անդամներին շարունակել իրենց ջանքերն այս ճանապարհով առաջ շարժվելու համար՝ չնայած ստեղծված իրավիճակին։
«Այս հեռացող կառավարությունը արտակարգ աշխատանք է կատարել եվրաինտեգրման հարցում։ Մենք ունենք շատ կոնկրետ և հավակնոտ խնդիրներ, որոնք պետք է կատարենք մինչև սեպտեմբերի 1-ը։ Եվ կառավարության այս փոփոխությունը չպետք է ազդի մեր նպատակի վրա», - ասել է Սանդուն՝ կառավարության արձակումից հետո իրենց աշխատանքը շարունակող նախարարներին և այլ պաշտոնյաներին խնդրելով կանգ չառնել եվրաինտեգրման օրակարգն առաջ տանելու գործում։
Հուլիսի 3-ի առավոտյան Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտեանուն 8 ամիս պաշտոնավարելուց հետո հայտարարել է հրաժարականի մասին։ Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց նախագահ Սանդուն մամուլի ասուլիս է անցկացրել՝ հայտարարելով, որ խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդակցություններ է մեկնարկում վարչապետի պաշտոնի թեկնածու առաջադրելու վերաբերյալ։