ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
2 րոպեի ընթերցում

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Կորեայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել Կորեայի Հանրապետության Օվկիանոսների և ձկնորսության նախարարության, ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) քարտուղարության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP), Կորեայի Հանրապետության Ծովային կենսաբազմազանության ազգային ինստիտուտի, ինչպես նաև միջազգային այլ գործընկեր կառույցների ներկայացուցիչների և ոլորտի փորձագետների հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Համբարձում Մաթևոսյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Որպես COP17-ի նախագահող երկիր` կարևոր եմ համարում լսել միջազգային փորձագետների գնահատականներն ու առաջարկությունները, խորությամբ ծանոթանալ ոլորտի առաջնահերթություններին և գլոբալ մարտահրավերներին՝ COP17-ի նախապատրաստական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։
Խորհրդատվական հանդիպումների ընթացքում քննարկել ենք ծովային և առափնյա կենսաբազմազանության պահպանության, ջրային էկոհամակարգերի կայուն կառավարման, գիտական համագործակցության և միջազգային գործընկերության ընդլայնման հարցերը»,- գրել է նախարարը։