Սրբուհի Գալյանը խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքեր չի տեսնում
6 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համոզմամբ՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքեր չկան։ Գալյանը կարծիք է հայտնել, որ ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով Սահմանադրական դատարան դիմած որևէ ուժի փաստարկներում ընտրությունների արդյունքները չեղարկելու հիմքեր չկան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որը Սահմանադրական դատարանում ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշման հետ կապված վեճի քննության գործընթացում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցչն է։
Անդրադառնալով հարցին, թե կարելի՞ է արդյոք արդեն որոշակի հետևություններ անել Սահմանադրական դատարանում ընթացող նիստերից՝ Գալյանը շեշտել է, որ ինքը ներկայացնում է երրորդ կողմին, որը դիրքորոշում է ներկայացնում, իսկ հետևություններն անելու է դատարանը։
«Ուստի, պետք է սպասենք դատարանի հետևություններին: Ինչ վերաբերում է ՍԴ դիմած ուժերի փաստարկներին, ապա դրանց անդրադարձել ենք մեր դիրքորոշումներում և մեր կողմից բարձրացված հարցերում։ Իրականում տարբեր են քաղաքական ուժերի կողմից ներկայացված փաստարկները․ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կողմից ներկայացված փաստարկները գրեթե նույնանման են, նրանց է միանում ինչ-որ առումով նաև «Միասնության թևեր»-ը։
«Հանուն Հանրապետության» և ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչների փաստարկները բովանդակային առումով տարբերվում են իմ կողմից վերը նշված մյուս ուժերի ներկայացրած փաստարկներից։ Ինչո՞ւ եմ սա նշում, որովհետև կախված այդ փաստարկների բովանդակությունից՝ մեր դիրքորոշումը դրանց մասով տարբեր է։ Օրինակ, «Հանուն Հանրապետության» և ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչներն ասում են, որ ընտրակաշառք է եղել, ծավալները բավականին մեծ են եղել։ Մենք միանշանակ այս փաստարկների հետ համաձայն ենք և միայն մի կետում իրենց հետ, կարելի է ասել, համաձայն չենք, որ դրանք կարող էին հանգեցնել ընտրության արդյունքների անվավերության։ Մենք ասում ենք, որ անվավերության հանգեցնող հիմքեր առհասարակ որևէ մեկի կողմից ներկայացված փաստարկներում առկա չեն»,-ընդգծել է Սրբուհի Գալյանը։
Արդարադատության նախարարի խոսքով՝ ՔՊ-ի դիրքորոշումն այն է, որ ընտրությունների ընթացքում ընտրակաշառքի դեպքերը պետք է արձագանք ստանան իրավապահ մարմինների կողմից։
«Մենք ականատեսն ենք նրա, որ այդ դեպքերը ստացել են կամ շարունակում են ստանալ իրավապահների արձագանքը, և յուրաքանչյուր կոնկրետ գործով անցնող անձ, եթե նրա մեղքը հաստատվում է, պետք է արժանանա քրեական ամենախիստ պատասխանատվության։ Սա մեր դիրքորոշումը»,-ասել է Գալյանը։
Պատասխանելով հարցադրմանը, որ մինչ ՍԴ-ն դեռ քննարկում է ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները, իշխող ուժն արդեն պաշտոններ է բաժանում՝ Արդարադատության նախարարն արձագանքել է, որ ընտրությունների արդյունքները վավեր են այնքան ժամանակ, քանի դեռ դրանք անվավեր չեն ճանաչվել։
«Այն, ինչ տեղի է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, ժողովրդավարության հերթական դրսևորումն է, երբ պաշտոնները ոչ թե բաժանվում են, այլ թեկնածուներն ընտրվում են․ այսինքն՝ կուսակցության վարչության անդամների կողմից տեղի է ունենում ընտրության պրոցես, ինչը, կարծում եմ, շատ նորմալ է, և այս պրոցեսի հետ կապված միայն ուրախություն կարելի է արտահայտել և ոչ թե մտահոգություն։
Ես տեսել եմ մամուլի հրապարակումներից, որ այլ ուժեր ևս քննարկում են կամ քննարկել են մանդատ վերցնել-չվերցնելու հարցը, և Ձեր հարցին կարող ենք նաև նայել այդ լույսի ներքո, բայց ես նորմալ եմ համարում այդ գործընթացը։ Քաղաքական ուժերի կողմից նորմալ գործընթաց է, որը նորմալ է, որ տեղի է ունենում հերթական ընտրություններից հետո»,-շեշտել է Սրբուհի Գալյանը։
Սահմանադրական դատարանում ընթանում է Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը։ Դիմումներ են ներկայացրել յոթ քաղաքական ուժեր, իսկ գործը քննվում է միավորված ընթացակարգով։ Գործի քննությունը Սահմանադրական դատարանը սկսել է հունիսի 26-ից։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին մեկնարկել ու դեռ շարունակվում է ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությունը։ Վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։
Ընտրությունների արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը խորհրդարանում կունենա կայուն մեծամասնություն ու կկարողանա ձևավորել կառավարություն, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը նոր ձևավորվող խորհրդարանում կունենա 64, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։