Քաղաքականություն

Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ

6 րոպեի ընթերցում

Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվայի համար անընդունելի է, որ Հայաստանը պաշտոնապես հայտարարի և օրենսդրորեն ամրագրի եվրոպական ձգտումները՝ միաժամանակ շարունակելով վայելել ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր առավելությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Միխայիլ Գալուզինը հայտարարել է RTVI-ն տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների ներկա իրավիճակին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, այդ թվում՝ ռուսական կողմից Հայաստանից արտահանումների նկատմամաբ կիրառվող սահմանափակումներին և այդ ֆոնին Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացմանը։

Գալուզինը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Մոսկվային մտահոգում է Հայաստանի Ազգային ժողովի կողմից դեռևս 2025 թվականի փետրվարին «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը, և այդ մտահոգությունները, նրա խոսքով, Ռուսաստանը մշտապես փոխանցել է Հայաստանին։

Այս համատեքստում ՌԴ ԱԳ փոխնախարարը հիշեցրել է, որ ընթացիկ տարվա մայիսի 29-ին Աստանայում ԵԱՏՄ անդամ մյուս երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել, որով անհրաժեշտ են համարել հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանում համազգային հանրաքվեի անցկացումը՝ Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել էր այս հայտարարությանը՝ նշելով, որ այս փուլում Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտրություն կատարելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան։ Նա նաև ասել էր, որ Հայաստանը կշարունակի աշխատել Եվրասիական տնտեսական միության շրջանակում մինչև այն պահը, երբ Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելը դառնա անխուսափելի։

«ԵԱՏՄ չորս առաջնորդները հանձնարարել են մինչև դեկտեմբեր զեկույց պատրաստել ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցությունը կասեցնելու հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Ուստի, վստահ եմ, որ մասնագետները կուսումնասիրեն ինչպես տնտեսական, այնպես էլ իրավական ասպեկտները։ Այսպիսով, սպասենք այս մասնագետների աշխատանքի արդյունքներին։ Անկեղծ ասած՝ մենք լիովին չենք հասկանում, թե ինչու Հայաստանի ղեկավարությունը չի շտապում հարցնել երկրի բնակիչներին այս շատ կարևոր հարցի նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին։ Ես չեմ բացառում, որ այս հետաձգման հետևում կան որոշ օպորտունիստական ​​նկատառումներ։ Այս համատեքստում ես կցանկանայի վերահաստատել մեր հիմնարար դիրքորոշումը, որը մենք արդեն բազմիցս արտահայտել ենք. մենք անընդունելի ենք համարում, որ Հայաստանը պաշտոնապես հայտարարում և օրենսդրորեն ամրագրում է իր այսպես կոչված եվրոպական ձգտումները՝ շարունակելով վայելել ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր առավելություններն ու օգուտները»,-ասել է Գալուզինը։

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, Հայաստանը դեռևս պաշտոնական դիմում չի ներկայացրել ԵՄ անդամակցության համար, այն թեկնածու երկիր չէ, ինչը նշանակում է, որ գործընթացը չի մեկնարկել՝ Միխայիլ Գալուզինը չի համաձայնել այդ մտքի հետ՝ հերթական անգամ հղում կատարելով «Եվրամիությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ ԱԺ-ում ընդունված օրենքին։

ՌԴ ԱԳ փոխնախարարը նաև դժգոհություն է արտահայտել առ այն, որ Երևանը մայիսի սկզբին հյուրընկալել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Գալուզինի հետ հարցազրույցում լրագրողը նաև հարցադրում է արել, թե արդյոք Ռուսաստանը, հայկական ապրանքների ներմուծումների նկատմամբ սահմանափակումներ կիրառելով, Երևանին ավելի չի մղո՞ւմ դեպի եվրոպական շուկաներ։

Նշենք, որ Ռուսաստանը Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արգելքներ և սահմանափակումներ էր կիրառել հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման նկատմամբ, որոնք շարունակվում են մինչ օրս։ 

Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ներմուծման այս արգելքների ֆոնին Հայաստանը դիվերսիֆիկացնում է արտահանման շուկաները դեպի Եվրոպական միության և այլ շուկաներ։

«Ձեզ չի թվո՞ւմ, որ Ռուսաստանն ինքն է այս քայլերով Հայաստանին ավելի մղում դեպի եվրոպական շուկաներ, ինչը վնասակար է մեր տնտեսական հարաբերությունների համար»,-հարցրել է լրագրողը, ինչին ի պատասխան՝ Գալուզինն այդ հարցադրումը մակերեսային է որակել։

«Գիտեք, չգիտեմ՝ էլ ինչ է պետք, որպեսզի Հայաստանին շրջապատող բոլոր երկրներն ու լրատվամիջոցները հասկանան, որ սա շատ լուրջ է։ Բնականաբար, մենք մեր մտահոգությունները հայտնել ենք հայկական կողմին այն ժամանակ, բայց հայկական կողմը շարունակել է և շարունակում է մոտենալ Եվրամիությանը։ Ինչ վերաբերում է, այսպես ասած, այլընտրանքային շուկաներ գտնելու հնարավորությանը, որպեսզի Հայաստանը վաճառի իր արտադրանքը, որն այսօր, տասնյակ տոկոսներով, մոտենալով 100 տոկոսի, գնում է Ռուսաստան, դժվար թե պատկերացնեմ, թե ինչպես դա կարելի է իրականացնել»,-ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում