«Ազնավուրի ձայնը»՝ Գյումրիում. Շառլ Ազնավուրի անմահ հիթերը ֆրանսիացի երգիչ Տիտիանոյի առանձնահատուկ մեկնաբանությամբ

5 րոպեի ընթերցում

«Ազնավուրի ձայնը» համերգաշարի շրջանակներում հունիսի 23-ին Գյումրիի դրամատիկական թատրոնի բեմում լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ամենասիրելի և անմահ երգերը հնչեցին ֆրանսիացի երգիչ Տիտիանոյի առանձնահատուկ մեկնաբանությամբ։ Գյումրիում ֆրանսիացի երգիչը ելույթ ունեցավ Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արմեն Կարճյան): Համերգաշարի կազմակերպիչները Տիտիանոն և Մարիա Քոչարյանն են։

«Այս համերգաշարը, որը հարգանքի տուրք է Ազնավուրի հիշատակին, Տիտիանոյի նախաձեռնությունն է՝ նպատակ ունենալով ավելի մոտ լինել հայ հանդիսատեսին, հատկապես՝ մարզերի բնակչությանը, և բոլոր նրանց, ում միավորում է մեծն շանսոնյեն»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Տիտիանոյի արտիստիկ մենեջեր և համերգների կազմակերպիչ Մարիա Քոչարյանը։

Ֆրանսիացի երգիչ Տիտիանոն խնամքով է մոտենում Ազնավուրի ժառանգությանը, և այդ հարգանքը դրսևորվում է նաև Ազնավուրի երգերն առանց աղավաղելու կատարելով։ Թեև սա երգչի առաջին այցը չէր Գյումրի, բայց առաջին ելույթն էր, ինչն ավելի պարտավորեցնող էր նրա համար:

«Մարդիկ այստեղ շատ բարի ու հյուրասեր են: Մարդկանց, մշակութային կառույցներն ու հին եկեղեցիները շատ եմ սիրել Գյումրիում: Քաղաքում առաջին վայրը, որ այցելել ենք, շանսոնյեի հուշարձանն է: Գյումրին առանձնահատուկ էր Ազնավուրի համար, այդ պատճառով ինձ համար անչափ կարևոր է այս համերգը»,-անկեղծացավ երգիչը՝ հույս հայտնելով, որ գյումրեցին կսիրի ու կընդունի իրեն: Երգիչը նաև նշեց, որ իր համար մեծ պատիվ է հանդես գալ Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբի արհեստավարժ երաժիշտների հետ միասին:

Համերգին մեծ շանսոնյեի ժառանգության հանդեպ տածած ակնածանքը հավասարազոր էր հանդիսատեսի հետ երգչի ունեցած անկեղծությանը։ Դրամատիկականի բեմից երիտասարդ երգիչն իսկական երկխոսություն էր ծավալել ներկաների հետ՝ հաճախ էր իջնում դահլիճ՝ ազնավուրյան շունչն ու իր երիտասարդական ավյունը փոխանցելով մարդկանց։ Գյումրեցի հանդիսատեսի հետ հաղորդակցվում էր հայերենով, երբեմն էլ՝ հենց իրենց հարազատ բարբառով՝ ջնջելով բեմի ու դահլիճի միջև եղած բոլոր սահմանները։

Այն, որ գյումրեցի հանդիսատեսը խստապահանջ է, լսել էր, բայց գիտեր նաև, որ եթե սիրեց, ապա կընդունի ու կպահի իր սրտում, այնպես, ինչպես մեծն Ազնավուրի հայտնի ու սիրված հիթերը՝ «La Bohème» , «La mamma», «Que C'est Triste Venise», «She», որոնք հանդիսատեսը փորձում էր ձայնակցել երգչի հետ։ Իսկ վերջում, որպես Հայաստանի հետ կապի խորհրդանիշ, հնչեց «Քեզ համար, Հայաստան» երգը, որը գրվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով։ Ստեղծագործությունն առաջին անգամ կատարվել է 1988 թվականին՝ Ֆրանսիայի 87 նշանավոր երգչի կողմից։

Հանդիսատեսը, Տիտիանոյի հետ միասին հոտնկայս երգելով, երկարատև ու բուռն ծափողջյուններով մեծարեց երգչին և մեծ շանսոնյեին՝ որպես երկու մշակույթների միջև հաստատված ջերմ երկխոսության խորհրդանիշ: Դահլիճում չկար թեկուզ մեկը, ում սրտի ամենանուրբ լարերին չդիպչեց ֆրանսիական հոգեթով լիրիկան:

Թեև Տիտիանոն անձամբ չի ճանաչել Ազնավուրին, նրանց «հանդիպումը» տեղի է ունեցել դեռ մանկության տարիներին։ Ամեն ինչ սկսվել է հայրական տնից, որտեղ հաճախ հնչում էին մեծ շանսոնյեի ստեղծագործությունները. երգերը հաճախ կատարում էր հայրը, և հենց այդպես էլ այդ անսահման սերը փոխանցվեց Տիտիանոյին։ Տարիներ շարունակ երիտասարդ արտիստը չէր համարձակվում «մոտենալ» այդ գործերին՝ մտածելով, որ Ազնավուրի արվեստը չափազանց վեհ է ու անհասանելի։ Ի վերջո, սակայն, ներքին ձգողականությունը հաղթեց. նա համացանցում հրապարակեց Ազնավուրի «Դեռ երեկ» (Hier encore) հանրահայտ երգի իր կատարումը, որն ակնթարթորեն տարածվեց ու մեծ ճանաչում բերեց նրան: Շատ արագ խարիզմատիկ ֆրանսիացի երգչին սկսեցին կոչել «Ազնավուրի ձայնը»։

Տիտիանոն մտադիր է շարունակել ազնավուրյան երգերի կատարումը, բայց նաև մեծ ոգևորությամբ աշխատում է սեփական ալբոմի վրա։ Երգիչը նշում է, որ հեղինակային ստեղծագործություններով ներկայանալն ու սեփական ուղին հարթելը ևս մեկ յուրօրինակ ձև է՝ իր խորին հարգանքն ու երախտագիտությունն արտահայտելու մեծն Շառլ Ազնավուրի հիշատակին:

Հայերեն Русский

Գեղարքունիքում հավաստագրված սերմերով կատարված աշնանացանի դիմաց պետության կողմից կտրվի 672 միլիոն դրամի փոխհատուցում

Այս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվի

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել

Ո՞րն է վերջին օրերին գրանցված խոշոր տրամաչափի կարկուտի պատճառը. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Մեր ժողովրդի համար խորհրդանշական ուղերձ պարունակող կերպարը չի կարող «թափառել» մի տեղից մյուսը. ԿԳՄՍ նախարարը՝ Վահագն Վիշապաքաղ հուշարձանի մասին

Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին

Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր

«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան

Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ