10 րոպեի ընթերցում
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է մայիսի վաճառքների հիման վրա:
Առաջին տեղում է Նորա Իկստենայի «Մայրական կաթ» վեպը, որն ութերորդ տեղում է, նույն ընտանիքի երեք սերնդի կանանց պատմություն է: Հեղինակը հանրամատչելիորեն պատկերում է իր մանկության և երիտասարդության տարիների խորհրդային Լատվիայի սոցիալական միջավայրը, բարոյականության վակուումը, որը տարօրինակորեն ուղղորդվում էր և ներսից կոտրելով մարդկանց՝ վերածում կենդանի դիակների: Վեպի ամբողջ տեքստն ապրելու անհնարինության վավերագրություն է՝ ներծծված հրաժարումով ամուսնուց ու հորից, երազանքներից, գաղափարներից ու համոզմունքներից, աշխատանքից ու սեփական տեսակետից, ընկերներից և սիրելիներից: Գլխավոր հերոսուհին գինեկոլոգ է, որը հրաշալիորեն ճանաչում է մարդուն և շատերին կարողանում օգնել իր գիտելիքներով, բայց, պարզվում է, ի վիճակի չէ ապրելու իրեն բաժին հասած կյանքը: Մայրական կաթը երեխայի առաջին սնունդն է: Գլխավոր հերոսուհին՝ մայրը, դստերը միտումնավոր զրկում է այդ կաթից՝ թույլ չտալով նրան ժառանգել իր ցավն ու հուսահատությունը:
Հարուկի Մուրակամիի «Սահմանից հարավ, արեգակից արևմուտք» երկրորդ տեղում է։ Հաջիմեն հաջողակ գործարար է, երկու բարի տեր, ունի սիրելի կին և երեխաներ։ Երջանկության համար կարծես ուրիշ ոչինչ հարկավոր չէ։ Բայց նրա կյանքում հայտնվում է Շիմամոտոն՝ պատանեկության տարիների առաջին սերը, որն այդպես էլ չի մոռացվել։ Խախտվում է իրականության և պատրանքի սահմանը։ 1992-ին լույս տեսած այս վեպը սիրո մասին է, կրքի, կյանքը գլխիվայր շրջող ճիշտ և սխալ որոշումների, կորցրած ու բաց չթողած հնարավորությունների մասին, և այս ամենը՝ շաղախվածառեղծվածով ու Մուրակամիի երաժշտական նուրբ ճաշակով։
Երրորդ տեղում է Ֆրանկ Տիլյեի «Գլուխկոտրուկ» գիրքը։ Որտե՞ղ է իրականության և երևակայության անտեսանելի սահմանը։ Այս հարցի պատասխանը պետք է բացահայտեն Իլանը և Քլոեն՝ առեղծվածային խաղի՝ «Պարանոյայի» մասնակիցները։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կանոններով է ընթանում այս խաղը, և ինչպես այն կավարտվի, սակայն մի բան հաստատ է․ հաղթողին խոստացված է խոշոր դրամական պարգև՝ երեք հարյուր հազար եվրո, որի համար մասնակիցները պատրաստ են անգամ ամենադաժան և անսպասելի քայլերին։ Խաղը տանում է ֆրանսիական Ալպերի մութ խորքերը՝ դեպի լքված հոգեբուժարան, որտեղ մեկ տարի առաջ՝ Սուրբ Ծննդյան նախօրեին, հայտնաբերվել էին ութ դիակ… Հինգ տղամարդ և երեք կին սառնասրտորեն սպանվել էին քնի մեջ։ Այժմ խաղացողները կրկին ութն են։ Ո՞վ է նրանցից կենդանի մնալու, և արդյո՞ք կլինի այդպիսի մեկը…
Չորրորդ հորիզոնականում է թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» ստեղծագործությունը: «Ստամբուլի բիճը» վեպում հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ` հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Ողջ դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելված է եղել, իսկ երբ հեղինակը հաղթել է դատը, դրանից հետո միայն այն վաճառքի հնարավորություն է ստացել:
Հինգերորդ հորիզոնականում է Ուիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն»-ը։ Վեպի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի մտացածին Իթաքա քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի օրոք։ Քաղաքի նախապատկեր է ծառայել Սարոյանի հարազատ Ֆրեզնոն։ Հոմեր Մակաուլեյը 14-ամյա տղա է, որը մեծանում է անհայր ընտանիքում Կալիֆորնիայի Իթաքա քաղաքում երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Հոմերի ավագ եղբայրը՝ Մարկուսը, հեռացել է տնից պատերազմում կռվելու համար, և Հոմերը զգում է տան տղամարդու դերը ստանձնելու անհրաժեշտությունը։ Դրամ վաստակելու նպատակով՝ տղան աշխատանքի է անցնում փոստային հեռագրային գրասենյակում, որտեղ ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում զինվորների մահվան մասին հեռագրեր հասցնել սպանվածի հարազատներին։
Աննա Ջեյնի «Հիասքանչ վհուկը» վեցերորդ տեղում է։ Ինձ հաջողություն մաղթեք. ես նվաճելու եմ երկաթե սրտով, քարե ուսերով և անտանելի բնավորությամբ մարդու: Ես չգիտեմ, թե ինչ եմ ավելի շատ ցանկանում՝ խեղդե՞լ, թե՞ գրկել նրան: Նա ձանձրալի մարդ է, ով աշխատում է ամեն ինչ ճիշտ անել, բայց միևնույն ժամանակ, այնպիսի խելահեղ բաներ է անում, որոնք ես երբեք չէի համարձակվի անել: Նա համալսարանում դասախոս է, իսկ ես չորրորդ կուրսի ուսանողուհի: Նա դեռ չգիտի որ դառնալու է իմ ընկերը: Բայց դա միայն ժամանակի հարց է, այնպես չէ՞: Ես ցանկացած գնով հասնելու եմ իմ ուզածին: Զգուշացի՛ր, սիրելի՛ս, ես թռչում եմ քեզ մոտ ցախավելիս վրա նստած:
Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» գիրքը յոթերորդ տեղում է։ 1936 թվականին հրատարակումից ի վեր Պուլիցերյան մրցանակակիր եւ բոլոր ժամանակների ամենավաճառվող վեպերից մեկը՝ «Քամուց քշվածները», աշխարհում հռչակվել է Մեծ ամերիկյան վեպ: Վեպի առավել տարածմանը նպաստել է նաեւ համանուն ֆիլմը։ «Քամուց քշվածները» վեպը մարդկանց կրքերի խորությունն ուսումնասիրում է Ջորջիայի կարմիր բլուրներում տեղի ունեցող դեպքերին բնորոշ հանդգնությամբ: Հիասքանչ պատում է, որը վառ պատկերում է Քաղաքացիական պատերազմի եւ Վերակառուցման ժամանակաշրջանի դրաման:
Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» ութերորդ տեղում է։ «Վարպետը և Մարգարիտան» Բուլգակովի վերջին ստեղծագործությունն է, որը եզրափակում է Բուլգակովի համար շատ կարևոր` արվեստագետի և իշխանության թեման: Վեպը կարծես ամփոփում է գրողի պատկերացումները կյանքի իմաստի, մարդու, նրա մահվան ու անմահության, բարի և չար սկզբունքների պայքարի մասին, պատմության մեջ և մարդու բարոյական աշխարհում:
Իններորդ հորիզոնականում է Ջորջ Օրուելի «1984» վեպը: 1949 թ. հրատարակված «1984» հանրահայտ վեպը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թ.։ Տարբեր ժամանակներում տարբեր երկրներում վեպը պարբերաբար արգելվել է՝ երբեմն ծիծաղելի պատճառաբանություններով։ 2009 թ.-ին The Times լրագիրը վեպն ընդգրկել է վերջին 60 տարում հրատարակված 60 լավագույն գրքերի ցանկում, իսկ Newsweek հանդեսը բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն գրքերի շարքում «1984»-ին հատկացրել է երկրորդ տեղը։
Դոնատո Կարիզիի «Հոգիների դատարանը» տասներորդ տեղում է։ «Հոգիների դատարանը» իտալացի ժամանակակից գրող Դոնատո Կարիզիի երկրորդ վեպն է։ Իրադարձությունները տեղի են ունենում Հռոմում, որտեղ սերիական մարդասպանի կողմից առևանգված աղջկա անհետացումը քննող խորհրդավոր անձը, հայտնվելով ինտրիգների ու առեղծվածների լաբիրինթոսում, առճակատվում է սեփական երկակի էության հետ։ Վեպում արծարծվում են բարոյականության, կորստի, զղջման, գոյատևման ու մարդկային հոգու տոկունության վերաբերյալ բազմաթիվ հարցեր։
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:
| Տեղ | Փոփոխ․ | Գիրք | Հրատ․ | Քանակ | |
| 1 | +6 | Նորա Իկստենա, «Մայրական կաթ» | Վերնատուն | 228 | |
| 2 | նոր | Հարուկի Մուրակամի, «Սահմանից հարավ, արեգակից արևմուտք» | Անտարես | 109 | |
| 3 | -1 | Ֆրանկ Տիլյե, «Գլուխկոտրուկ» | Դավինչի | 67 | |
| 4 | -1 | Էլիֆ Շաֆաք, «Ստամբուլի բիճը» | Անտարես | 42 | |
| 5 | * | Ուիլյամ Սարոյան, «Մարդկային կատակերգություն» | Անտարես | 37 | |
| 6 | * | Աննա Ջեյն, «Հիասքանչ վհուկը» | Բուքփրայզ | 37 | |
| 7 | * | Մարգարետ Միտչել, «Քամուց քշվածները» | Newmag | 36 | |
| 8 | * | Միխայիլ Բուլգակով, «Վարպետը և Մարգարիտան» | Անտարես | 35 | |
| 9 | * | Ջորջ Օրուել, «1984» | Անտարես | 34 | |
| 10 | նոր | Դոնատո Կարիզի, «Հոգիների դատարանը» | Զանգակ | 31 |