«Նոր գիրք»-28/26. Աֆյան, Գեյման, Ռիդել, Պռուտկով
3 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:
Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ հեղինակ․ Հովիկ Աֆյան, «Չաստվածաշունչ»

Հովիկ Աֆյանի «Չաստվածաշունչ» ժողովածուն ներառում է հեղինակի վերջին տարիներին գրված պատմվածքները, որոնց թեման մեր կյանքն է իր բազմազան, ինչ-որ տեղ անակնկալ, ողբերգական, բայց միշտ հետաքրքիր և ուսանելի դրվագներով: Այս անգամ այն ներկայացվում է նոր դիզայնով։ Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Մանկապատանեկան գրականություն․ Նիլ Գեյման, Քրիս Ռիդել, «Գերեզմանատան գիրքը»

Ոք անունով փոքրիկ տղան ընտանիքը կորցնելու ողբերգական գիշերը հրաշքով փրկվում է մարդասպանից և հայտնվում է գերեզմանատանը։ Հենց այդտեղ էլ նա շարունակում է ապրել ու մեծանալ հոգիների խնամքի ներքո: Գերեզմանատան իր ընկերների շնորհիվ նա բացահայտում է կյանքի, մահվան և մարդկային էության գաղտնիքները՝ անցնելով վտանգավոր և արկածներով լի ճանապարհ դեպի ինքնաճանաչում: Թարգմանիչ՝ Ռուզաննա Սուքիասյան։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:
Նոն ֆիքշն գրականություն․Կոզմա Պռուտկով, «Մտորմունքի պտուղներ»

Մկրտիչ Մաթևոսյանի թարգմանությամբ, գծանկարներով և ձևավորմամբ լույս է տեսել Կոզմա Պռուտկովի «Մտորմունքի պտուղներ» գիրքը: Գրքում տեղ են գտնել Պռուտկովի մտքերն ու աֆորիզմները: Իրականում Կոզմա Պռուտկովը գրական կեղծանուն է, որի ներքո 1850-1860-ական թթ. «Սովրեմեննիկ, «Իսկրա» և այլ պարբերականներում հանդես էին գալիս բանաստեղծ կոմս Ալեքսեյ Տոլստոյը (մինչև 1875 թ.), եղբայրներ Ալեքսեյ, Վլադիմիր (որոնք քանակապես ամենաշատն են ներդրում ունեցել) և Ալեքսանդր Ժեմչուժնիկովները: Գիրքը լույս է ընծայել «Ակտուալ արվեստ»-ը: