Հայաստան

Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը

3 րոպեի ընթերցում

Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպմամբ մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև արդեն 4-րդ անգամ անցկացվող բանակային խաղերը:

Մրցումներն անցկացվում են Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ ՀՀ պաշտպանության նախարարության և «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի մարզաբազաներում։ Բանակային խաղերը կշարունակվեն մինչև օգոստոսի 8-ը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ բանակային խաղերի ծրագրում ներառված են ռազմամարզական քառամարտ, ռազմականացված կրոսավազք, ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազք, ռազմամարզական կողմնորոշում, հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգով, հրաձգություն «ՊՄ» ատրճանակով, հրաձգություն «ԴԴ» հրացանով մարզաձևերը:

Խաղերին մասնակցում են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության և Պետական պահպանության ծառայությունների, Պետական եկամուտների, Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների թիմերը: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի հանդես գալու միայն 1 մրցաձևում: 

Վերջին 5 տարիներին հրաձգության ՀՀ առաջնությունների մասնակիցները չեն կարող մասնակցել բանակային խաղերին:

Ռազմամարզական քառամարտ, ռազմականացված կրոսավազք, ռազմամարզական կողմնորոշում, հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգով, հրաձգություն «ՊՄ» ատրճանակով, հրաձգություն «ԴԴ» հրացանով մրցաձևերում ընդհանուր հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվում են համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևներով` 1-ին տեղ՝ 1 մլն ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500 հազար ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ, իսկ 1-ին տեղ գրաված թիմը՝ նաև գավաթով:

Ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազքի մրցանակակիր թիմի անդամները պարգևատրվում են մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով. 1-ին տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 200 հազար ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 150 հազար ՀՀ դրամ:

Ընդհանուր հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերի ղեկավարները պարգևատրվում են դրամական պարգևներով. 1-ին տեղ՝ 700 հազար ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500 հազար ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ:

Իրավապահ մարմինների միջև թիմային հաշվարկի արդյունքում մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվում են համապատասխան կարգի հավաստագրերով, հուշանվերով և գավաթով:

Բանակային խաղերի նպատակն է մասսայականացնել ռազմակիրառական մարզաձևերը, բարձրացնել ֆիզիկական պատրաստվածության դերն ու նշանակությունը, ինչպես նաև ձևավորել մարզական առողջ մրցակցային մթնոլորտ և ամրապնդել համագործակցությունը խաղերին մասնակցող ուժային կառույցների միջև։

Կարդացեք հոդվածը` Englishفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում