Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-29/26. Մուաուադ, Լինդգրեն, Ավետիսյան

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-29/26. Մուաուադ, Լինդգրեն, Ավետիսյան

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն 

Ուաժդի Մուաուադ, «Բոլորը՝ թռչուններ»

Երկու երիտասարդ՝ ինքնության որոնման ճանապարհին։ Նյու Յորքում հանդիպում են գերմանացի հրեա Էյթանն ու արաբուհի Ուահիդան։ Նրանց միջև ծնվող սիրո պատմության միջոցով Ուաժդի Մուաուադը բացահայտում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության ամբողջ բարդությունն ու բազմաշերտությունը՝ անձնական ճակատագրերը միահյուսելով պատմության, հիշողության և ինքնության հարցերին։ Ժամանակի ու տարածության սահմանները հատող այս պատումը ընթերցողին առաջնորդում է դեպի անցյալի ու ներկայի խորքային շերտերը՝ վեր հանելով այն հարցերը, որոնք շարունակում են հուզել ամբողջ աշխարհը։ Թարգմանությունը ֆրանսերենից՝ Լուսինե Աբգարյանի։ Գիրքը լույս է ընծայել «Ակտուալ արվեստ»-ը:

 Մանկապատանեկան գրականություն

Աստրիդ Լինդգրեն, «Տանիքի Կառլսոնը վերադառնում է»

«Տանիքի Կառլսոնը վերադառնում է» վիպակը շվեդ մանկագիր Աստրիդ Լինդգրենի «Մանչուկն ու տանիքի Կառլսոնը» պատմության շարունակությունն է՝ Մանչուկի և նրա «աշխարհի ամենալավ» թռչող ընկերոջ զվարճալի արկածների մասին։ Մանչուկենց ընտանիքում նոր մարդ է հայտնվել՝ խստաբարո կառավարչուհի Ֆրյոկեն Բոկը, որը շարունակ Մանչուկին ստիպում է ձեռքերը լվանալ եվ նման բաներ։ Նրան դիմանա՞լ կլինի, լացակումած մտածում է Մանչուկը։ Բայց ճիշտ ժամանակին Կառլսոնն է հայտնվում՝ աշխարհի ամենալավ «պառավարչուհի սանձահարողը»։ Թարգմանությունը շվեդերենից՝ Աշխեն Բախչինյանի։ Խմբագիր՝ Նունե Թորոսյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Նոն ֆիքշն գրականություն

Յուրի Ավետիսյան, «Զանգվածային հաղորդակցության միջոցների լեզուն»

Գիրքը զանգվածային հաղորդակցության միջոցների (ԶՀՄ) լեզվի կառուցվածքային և գործառական հիմնական առանձնահատկությունների մասին է։

Ունի տեսական և գործնական նշանակություն։ Առաջինի դեպքում կոչված է լրացնելու ԶՀՄ լեզվական առանձնահատկությունների համակարգված գիտական նկարագրությունը որոշակի սկզբունքներով ու պահանջներով՝ խոսքի սեղմություն, գնահատողականություն, հաղորդող և ներգործող լեզվատարրերի համատեղ գործածություն, ոճական ներթափանցումներ, լեզվաոճական բազմազանություն։ Գործնականում արդյունքները կարող են ծառայել մի շարք նպատակների՝ ԶՀՄ լեզվական քաղաքականության մշակում և խմբագրական աշխատանքի բարելավում, լրագրողների և խմբագիրների մասնագիտական պատրաստվածության բարձրացում, հանրային հաղորդակցության որակի վերահսկում և լեզվամշակութային կանոնների պահպանում, համապատասխան ուսումնական ծրագրերի համալրում։Նախատեսված է լրագրողների, խմբագիրների, լրագրության ֆակուլտետի ուսանողների, հայոց լեզվի մասնագետների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են հարցի ուսումնասիրությամբ։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում