«Երևանյան բեսթսելեր». Հենրիխ Մխիթարյանի գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, հունիս, 2026
12 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունիսի վաճառքների։
Ալեսանդրո Ալչատոյի և Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գիրքն առաջին տեղում է։ Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային ընտանիքից է, տաղանդն ու մասնագիտական ուղին կարծես ժառանգություն է ստացել։ Ծնվել է Հայաստանում, մեծացել Ֆրանսիայում, քանի որ հայրը խաղում էր Լիգա 2-ում։ Համլետ Մխիթարյանը եղել է հայկական ֆուտբոլի պատմության ամենաուժեղ հարձակվողներից։ Մահացել է ուղեղի քաղցկեղից, 33 տարեկանում, երբ Հենրիխն ընդամենը 7 տարեկան էր։Երիտասարդ Հենրիխն արժանապատվորեն շարունակեց հոր ֆուտբոլային ուղին։ Թեպետ նրա մահից հետո որոշ ժամանակ չէր կարողանում մոտ գնալ գնդակին, սակայն ինքն իրեն խոստացավ հասնել այնտեղ, ուր հայրը չհասցրեց։Ընդամենը 14 տարեկան էր, երբ մեկնեց Բրազիլիա՝ «Սան Պաուլո» ակումբում մարզվելու։ Այնտեղ զարգացրեց խաղային տեխնիկան, յուրացրեց ֆուտբոլի նոր՝ ստեղծագործական ոճ, սովորեց նոր լեզու՝ պորտուգալերեն։ Կարիերայի ընթացքում կրել է «Փյունիկի», «Մետալուրգի», «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» մարզաշապիկները։ 2019-ին տեղափոխվել է Իտալիա. երեք տարի խաղացել է «Ռոմա» ակումբում, 2022-ի հուլիսի 2-ին պաշտոնապես միացել է Սիմոնե Ինձագիի գլխավորած «Ինտերին» և անմիջապես դարձել «Ներաձուրրոների» հենասյուներից։ Գիրքը հուզիչ պատմություն է որդիական կարոտի և հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին, որի վաղաժամ կորուստը խորին հետք է թողել նրա կյանքում և շարժիչ ուժ դարձել։
Ռոբերտ Գրինի «Իշխանության 48 օրենքները» երկրորդ տեղում է։ Գիրքը ժամանակակից դասական է՝ քաղաքականության, հոգեբանության և ռազմավարության հատման սահմանագծում: Ռոբերտ Գրինը վերլուծում է իշխանության էությունը՝ բացահայտելով, թե ինչպես է այն գործում իրական կյանքում՝ անձնական և աշխատանքային հարաբերություններում, ինչպես նաև հասարակության բոլոր շերտերում՝ հին աշխարհի տիրակալներից մինչև նոր ժամանակների գործարարներ, քաղաքական գործիչներ ու արվեստագետներ: Յուրաքանչյուր օրենք ներկայացվում է պատմական կերպարների՝ Ալեքսանդր Մակեդոնացու, Կլեոպատրայի, Նապոլեոն Բոնապարտի, Օտտո Ֆոն Բիսմարկի, Իվան Ահեղի և այլ նշանավոր դեմքերի կյանքի օրինակներով՝ համեմված անվանի մտածողների և ռազմավարների ուսմունքներով, մասնավորապես՝ Մաքիավելիի, Սուն Ցզիի, Կոնֆուցիոսի, Նիցշեի և այլոց:
Ռոբին Շարմայի «Հարստություն, որը փողով չես գնի» գիրքը երրորդ տեղում է։ Ընթերցողի դատին է ներկայացվել աշխարհահռչակ բանախոս, մոտիվատոր, բազմաթիվ հզոր կազմակերպությունների բիզնես խորհրդատու, բազում գրքերի հեղինակ Ռոբին Շարմայի հերթական բեսթսելերը՝ «Հարստություն, որը փողով չես գնի»: Հետևելով հեղինակի «փոքրիկ» խորհուրդներին՝ քայլ առ քայլ կմոտենաք ձեր երազած՝ առողջ, երջանիկ, հարուստ, սիրով լի կյանքին: Ինչպես հեղինակն է ասում, բախտավոր չեն ծնվում, բախտավոր դառնում են: Այնպես որ... կարդացեք, երջանկացեք, հարստացեք և եղեք բախտավոր...
Շունմյո Մասունոյի «Պարզ ապրելու արվեստը» չորրորդ տեղում է։ Այս գիրքը հայտնի ճապոնական զեն-բուդդիստ վանական և այգիների դիզայներ Շունմյո Մասունոյի իմաստության հավաքածուն է: Հեղինակը ներկայացնում է 100 կարճ և գործնական խորհուրդներ՝ օգնելու ընթերցողին գտնել ներքին հանգստությունն ու հավասարակշռությունը ժամանակակից աղմկոտ աշխարհում: Գիրքը սովորեցնում է ձերբազատվել ավելորդ մտքերից ու իրերից, կենտրոնանալ ներկա պահի վրա և գտնել գեղեցկությունը առօրյա փոքրիկ երևույթների մեջ: Սա ուղեցույց է նրանց համար, ովքեր ձգտում են պարզեցնել իրենց կյանքը և հասնել հոգեկան ներդաշնակության:
Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» հինգերորդ տեղում է։ «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: Շնորհիվ այս գրքի դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:
Ջո Դիսպենզայի «Ենթագիտակցության ուժը: Ինչպես ազատվել հին մտածողությունից և կերտել նորը» գիրքը վեցերորդ տեղում է։ Բազմաթիվ բեսթսելերների հեղինակ, միջազգային դասախոս, հետազոտող, խորհրդատու, մանկավարժ Ջո Դիսպենզայի «Ենթագիտակցության ուժը» գիրքը գրված է գիտական լուրջ հետազոտությունների հիման վրա: Ելնելով իր կյանքի փորձառությունից՝ հեղինակը նկարագրում է, թե ինչպես թեթևակի փոփոխելով ուղեղի աշխատանքը՝ կարելի է բացել դեպի քվանտային դաշտ տանող դուռը՝ կյանքում դրական փոփոխությունների հասնելու համար: Եվ այս ամենը դոկտոր Ջոն ներկայացնում է հեշտ կիրառելի աստիճանական տեխնիկայի միջոցով։
Ջո Դիսպենզայի «Դառնալ գերբնական» գիրքը յոթերորդ տեղում է։ Ջո Դիսպենզա. միջազգային դասախոս, հետազոտող, խորհրդատու, բազմաթիվ բեսթսելերների հեղինակ, մանկավարժ։ Դոկտոր Ջո Դիսպենզան ուսումնասիրություններ է արել նեյրոգիտության, էպիգենետիկայի և քվանտային ֆիզիկայի ոլորտներում: Համագործակցելով տարբեր գիտնականների հետ՝ մեդիտացիայի վերաբերյալ լայնածավալ հետազոտություններ իրականացնելու նպատակով, ներառյալ էպիգենետիկ փորձարկումը, ուղեղի քարտեզագրումը էլեկտրաէնցեֆալոգրամներով և անհատական էներգետիկ դաշտի փորձարկումը գազի արտանետումը պատկերող սարքով՝ նա իր գիտելիքներն է օգտագործում՝ օգնելու մարդկանց բուժվել ինչպես սովորական, այնպես էլ քրոնիկ և անգամ մահացու հիվանդություններից: Նրա իսկ համոզմամբ՝ մեզանից յուրաքանչյուրն ունի մեծության և անսահմանափակ կարողությունների ներուժ։ Եվ այս գրքում կտեսնենք, թե ինչպես են սովորական մարդիկ անում արտասովորը՝ դառնալով գերբնական: Այնպես որ, փորձենք բացահայտել մեր կարողություններն ու հմտությունները՝ վայելելու համար անսահման հնարավորություններով լի այս կյանքը:
Ութերորդ տեղում է Մարկ Մենսոնի «Գայթակղելու նուրբ արվեստը»։ «Թքած ունենալու նուրբ արվեստը» եւ «Թքել ենք բոլորս» բեսթսելերների հեղինակ Մարկ Մենսոնը ներկայացնում է սիրային հարաբերություններին նվիրված շատ գործնական ուղեցույց։ Մարկի խորհուրդներն այս թեմայով բազմաթիվ այլ գրքերից ու մեթոդներից առանձնանում են իրատեսական հիմավորումերով։ Մի՛ խաբեք ինքներդ Ձեզ եւ դիմացինին, ասում է հեղինակը, սովորեք շփվել մարդկանց հետ, Ձեզ մի՛ երեւակայեք։ Ինքնակատարելագործվե՛ք։ Մարդուն դուր է գալիս դիմացինի անկեղծությունը, անշահախնդրությունը, անկախությունն ու խոցելիությունը։ Այո՛, կանանց դուր են գալիս խոցելի տղամարդիկ։ Ոչ թե որպես հնարք, այլ որպես կենսակերպ ու մտածողություն։ Ձեզ մերժե՞լ են։ Նորմալ է։ Հաղթելու եւ սիրելի էակի սիրտը գրավելու համար պետք է մի կողմ թողնել վախերը։
Իններորդ հորիզոնականում է Դեյլ Քառնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գիրքը, որը գործնական խորհուրդների և կյանքից վերցրած պատմությունների հավաքածու է։ Քառնեգին օգտվել է հաջողակ հռչակավոր մարդկանց ասույթներից և որպես օրինակ ներկայացրել իր աշակերտների, ընկերների, ծանոթների փորձը։ Գրքի նպատակն է կատարելագործել մարդկանց հոգեբանությունը և, ինչպես հեղինակն է ասում, օգնել մարդկանց լույս աշխարհ հանել, զարգացնել և առավելագույնս օգտվել մտավոր ու ֆիզիկական այն բոլոր կարողություններից, որոնց միայն չնչին մասն ենք օգտագործում:
Տասներորդ տեղում է Ռոբին Շարմայի «Բացահայտիր ճակատագիրդ վանականի հետ, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքը։ Գիրքը անձնական աճի, կյանքում հաջողության հասնելու, մեր կարողությունները բացահայտելու և դրանք լավագույնս օգտագործելու մասին է: Ուսուցչի և սանի զրույցների միջոցով հեղինակը մեզ ուղեկցում է դեպի ինքնաարթնացում՝ առաջարկելով դրան հասնելու 7 փուլ: Եվ ահա, հերթով անցնելով այս փուլերով և կամաց-կամաց «մարսելով» դրանք՝ մենք փորձում ենք կերտել մեր լավագույն «ես»-ը: Եվ ինչպես կասեր Շարմայի հերոսը, «Տիեզերքը ցանկանում է, որ մենք հաղթենք: Պարզապես չպիտի խանգարենք ինքներս մեզ»:
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Ցանկում ներառված չեն հանրագիտարանները
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:
| Տեղ | Փոփոխ․ | Գիրք | Հրատ․ | Քանակ | |
| 1 | +1 | ![]() | Ալեսանդրո Ալչատո, Հենրիխ Մխիթարյան, «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» | Newmag | 186 |
| 2 | +2 | ![]() | Ռոբերտ Գրին, «Իշխանության 48 օրենքները» | Դավինչի | 99 |
| 3 | +5 | ![]() | Ռոբին Շարմա, «Հարստություն, որը փողով չես գնի» | Բուկինիստ | 70 |
| 4 | Նոր | ![]() | Շունմյո Մասունո, «Պարզ ապրելու արվեստը» | Դավինչի | 69 |
| 5 | * | ![]() | Հեկտոր Գարսիա, Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» | Դավինչի | 65 |
| 6 | * | ![]() | Ջո Դիսպենզա, «Ենթագիտակցության ուժը: Ինչպես ազատվել հին մտածողությունից և կերտել նորը» | Բուկինիստ | 62 |
| 7 | * | ![]() | Ջո Դիսպենզա, «Դառնալ գերբնական» | Բուկինիստ | 61 |
| 8 | * | ![]() | Մարկ Մենսոն, «Գայթակղելու նուրբ արվեստը» | Newmag | 59 |
| 9 | * | ![]() | Դեյլ Քառնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» | հեղ հրատ | 58 |
| 10 | -4 | ![]() | Ռոբին Շարմա, «Բացահայտիր ճակատագիրդ վանականի հետ, որը վաճառեց իր «Ֆերարին» | Բուկինիստ | 54 |









