Լուսինե Բադալյանն առաջարկում է խստացնել դեղերի ոչնչացման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը
2 րոպեի ընթերցում

Պիտանելիության ժամկետը լրացած, չգրանցված, կեղծ, օգտագործման համար ոչ պիտանի, անորակ կամ օրենքի խախտմամբ շրջանառության մեջ հայտնված դեղերի ոչնչացման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը կխստացվի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում նախագիծը ներկայացնելիս՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Նրա խոսքով՝ գործող կարգավորումներով նման դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը և հետազոտվող դեղագործական արտադրանքը պետք է ոչնչացվեն վտանգավոր թափոնների ոչնչացման համար սահմանված պահանջներին համապատասխան։
«Սա այսպես էլ արվում է, բայց մենք ողջամիտ կասկածներ ենք միշտ ունեցել, որ այդ դեղերը միայն փաստաթղթերով են ոչնչացվել»,- ասաց Բադալյանը։
Պատգամավորի խոսքով՝ տեսչական մարմինը մի քանի անգամ հայտնաբերել է դեպքեր, երբ ոչնչացման ենթակա դեղերը կրկին հայտնվել են դեղատներում և վաճառվել։
Նրա ներկայացմամբ՝ նախագծով խստացվում են ոչնչացման գործընթացին ներկայացվող պայմանները։ Մասնավորապես՝ ոչնչացում իրականացնող լիցենզավորված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պատասխանատու կլինի ոչնչացվող դեղերի դրոշմանիշերի մարումն ապահովելու համար։
«Ավելի ենք խստացրել պայմանները և ասում ենք՝ ոչնչացում իրականացնող լիցենզավորված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պատասխանատու է ոչնչացվող դեղերի դրոշմանիշի մարումն ապահովելու համար»,- նշեց Բադալյանը։
Նախագծով նախատեսվում է նաև, որ վարչական տույժ կիրառելուց հետո երկու տարվա ընթացքում երրորդ անգամ նման խախտում արձանագրվելու դեպքում տեսչական մարմինը կարող է միջնորդագիր ներկայացնել լիցենզավորող մարմնին՝ վտանգավոր թափոնների գործածության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար։
Բադալյանի խոսքով՝ փոփոխությունների նպատակն է բացառել այն դեպքերը, երբ ոչնչացման ենթակա դեղերը փաստացի չեն ոչնչացվում և կրկին հայտնվում են շրջանառության մեջ։
«Ավելի ենք խստացրել և կարծում ենք, որ սա այս անգամ կաշխատի»,- ասաց պատգամավորը։