Քաղաքականություն

Լրագրողների գործունեությանը վերաբերող կարգավորումները գործում են 2021 թվականից. Ռուբեն Ռուբինյան

3 րոպեի ընթերցում

Լրագրողների գործունեությանը վերաբերող կարգավորումները գործում են 2021 թվականից. Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական գործունեությանը վերաբերող կարգավորումները նոր չեն և գործում են 2021 թվականից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նա անդրադարձել է խորհրդարանի նստավայրի տարածքում և շենքում անվտանգության նոր կանոնների հաստատումից հետո հնչած քննադատություններին, թե այդ որոշմամբ սահմանափակվել է հավատարմագրված լրագրողների մասնագիտական գործունեությունը։

«ԱԺ-ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից»,- գրել է Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ Ազգային ժողովի շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման նոր փոփոխությունների շարքում լրագրողական գործունեությանը վերաբերող դրույթներ չեն փոփոխվել։

«ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս՝ դրա սահմանափակմանը»,- նշել է Ռուբինյանը։

Նա լրագրողներին հորդորել է համեմատել նախկին և նոր կանոնները։

Ավելի վաղ, Ռուբեն Ռուբինյանի ստորագրած որոշմամբ հաստատվել էին Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները։ Ըստ որոշման՝ ԱԺ տարածքի և շենքի պահպանությունն ու անվտանգության ապահովումն իրականացնում է Պետական պահպանության ծառայությունը։

Կանոնների համաձայն՝ հավատարմագրված լրագրողները մասնագիտական գործունեություն են իրականացնում հատուկ առանձնացված տեղերում, իսկ այլ վայրերում աշխատելու համար անհրաժեշտ է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի թույլտվությունը։

Հանձնաժողովների նիստերին ներկա գտնվելու համար լրագրողների ցուցակը պետք է ներկայացվի նիստը սկսվելուց առնվազն երկու ժամ առաջ, իսկ հատուկ վերահսկելի գոտիներում լրագրողական գործունեություն իրականացնելն արգելվում է։

Արգելվում է նաև տեսաձայնագրել կամ լուսանկարել Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին՝ իրենց պարտականությունները կատարելիս։ ԱԺ նիստերի դահլիճի օթյակներում գտնվող անձանց չի թույլատրվում օգտագործել լուսանկարչական, կինո և տեսատեխնիկա, հեռախոսակապ կամ ռադիոկապ։

Թեմային արձագանքել էր նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրված պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը՝ պնդելով, որ որոշմամբ սահմանափակվում է լրագրողների ազատ տեղաշարժը և լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծվում խորհրդարանի գործունեությունը լուսաբանելու համար։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում