Հայաստան

Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինելու կարգը կորոշի Կառավարությունը. Գեղամ Նազարյան

2 րոպեի ընթերցում

Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինելու կարգը կորոշի Կառավարությունը. Գեղամ Նազարյան

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում ընդունված փոփոխություններով Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ դրանց ոչ աշխատանքային լինելու կարգավորումը կորոշի Կառավարությունը։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին պարզաբանել է նախագծի հեղինակ Գեղամ Նազարյանը։

Նազարյանի պարզաբանմամբ՝ Մեռելոց օրերի ամրագրումը օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում չի նշանակում, որ դրանք մեխանիկորեն դառնում են ոչ աշխատանքային բոլոր դեպքերում։

«Մեռելոց օրերը ֆիքսվել են օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, Կառավարությունն իր որոշումով կսահմանի ազատ օրը։ Օրինակ՝ կարող է սահմանվել, որ այդ օրը ոչ աշխատանքային է, փոխարենը կաշխատեն շաբաթ օրը, կամ Կառավարությունը կարող է այլ կարգավորում տալ»,- նշել է Նազարյանը։

Ըստ այդմ՝ Մեռելոց օրերի հետ կապված աշխատանքային կամ ոչ աշխատանքային լինելու հարցը թողնվում է կառավարության հայեցողությանը։

Մեռելոց օրերը վերաբերում են Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող օրերին։

Դրանք են՝ Սուրբ Ծննդին, Սուրբ Հարությանը, Պայծառակերպությանը կամ Վարդավառին, Սուրբ Աստվածածնի վերափոխմանը կամ Խաղողօրհնեքին, ինչպես նաև Խաչվերացին հաջորդող օրերը։

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Գեղամ Նազարյանի նախագիծը «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ։ 

Նախագծով Գեղամ Նազարյանն առաջարկել էր Մեռելոց օրերը դարձնել ոչ աշխատանքային, նախագիծն այդ տեսքով առաջին ընթերցմամբ ընդունվել էր, երկրորֆ ընթերցմամբ քննարկման ժամանակ Կառավարությունն առաջարկել էր այդ դրույթը հանել նախագծից և Մեռելոց օրերը ոչ աշխատանքային սահմանելու հարցը թողնել Կառավարության հայեցողությանը։ Առաջարկը հեղինակի կողմից ընդունվել է, որից հետո էլ այն քվեարկվել է երկրորդ ընթերցմամբ ու ընդունվել ամբողջությամբ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում