Հայաստան

ԱԺ-ն 62 կողմ ձայնով սահմանեց եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի անդամների թիվը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն 62 կողմ ձայնով սահմանեց եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի անդամների թիվը

Ազգային ժողովը հոկտեմբերի 6-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների 62 կողմ ձայնով ընդունեց Հայ առաքելական եկեղեցուն առնչվող խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշումը։ Հանձնաժողովը կունենա 11 անդամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեմ և ձեռնպահ քվեներ չեն եղել։ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել։

Որոշման նախագիծը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։ Հանձնաժողովի ստեղծման պահանջում նա նշված է որպես հանձնաժողովի նախագահ, իսկ դրա լիազորությունների ժամկետը սահմանված է մինչև վեց ամիս։

Ուսումնասիրության շրջանակում ընդգրկված են եկեղեցում բարեվարքության, ֆինանսական տեղեկատվության թափանցիկության և հաշվետվողականության, եկեղեցական ներկայացուցչական ժողովների պատշաճ գումարման, եկեղեցուն պատկանող գույքի օգտագործման, ինչպես նաև եկեղեցու և պետական իշխանության տարանջատմանն առնչվող հարցեր։

Հանձնաժողովի ստեղծման պահանջում նախատեսված է նաև հոգևորականներին ու այլ անձանց նիստերին հրավիրելու, նրանցից գրավոր և բանավոր դիրքորոշումներ ու պարզաբանումներ ստանալու հնարավորություն։

Քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով ստեղծվել էր հոկտեմբերի 2-ին՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով։

 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում