Հայաստան

ԱԺ խորհուրդը հաստատել է հոկտեմբերի 6-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԱԺ խորհուրդը հաստատել է հոկտեմբերի 6-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը

Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է հոկտեմբերի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագիծը, որում ընդգրկված է երկու հարց, սահմանվել է նաև դրանց քննարկման հաջորդականությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած խորհրդի նիստը վարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Օրակարգի նախագծում ընդգրկված են Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն առնչվող խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու հարցերը։

Խորհուրդը հաստատել է նաև ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագիծը, բարեկամական խմբերի և միջխորհրդարանական հանձնաժողովներում պատվիրակությունների կազմերը։ Լրացում է կատարվել ԱԺ խորհրդի՝ 2017 թվականի մայիսի 26-ի ԱԺԽՈ-002-Լ որոշման մեջ։

Նիստում հաստատվել է նաև ԱԺ մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների, առաջարկների ներկայացման և կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը։

Ըստ ժամկետացանկի՝ հանձնաժողովներում քննարկումները կմեկնարկեն նոյեմբերի 2-ին՝ ժամը 10։00-ին, և կշարունակվեն մինչև նոյեմբերի 9-ը։ Առաջին համատեղ նիստում նախատեսվում է քննարկել բյուջեի նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, եկամուտներն ու ծախսերը, ինչպես նաև Կենտրոնական բանկի եզրակացությունը։

Մինչև նոյեմբերի 11-ը՝ ժամը 18։00-ն, նախատեսվում է ամփոփել հանձնաժողովներում քննարկումները։ Նույն ժամկետում պատգամավորներն ու խմբակցությունները բյուջեի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները պետք է ներկայացնեն ԱԺ աշխատակազմին։ Աշխատակազմը դրանք կառավարությանը կներկայացնի մինչև նոյեմբերի 12-ը՝ ժամը 15։00-ն։

Բյուջեի նախագիծը նախատեսվում է ընդգրկել նոյեմբերի 17-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգում։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում