Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր
8 րոպեի ընթերցում

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական 2026 թվականի մրցանակը շնորհվելու է X Energy, Intuitive Machines, Space և Quantum Space ընկերությունների հիմնադիր և գործադիր նախագահ իրանական ծագմամբ ամերիկացի Քեմ Ղաֆարիանին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դափնեկրի անունը հոկտեմբերի 6-ին «Ինժեներական քաղաք»-ում կայացած ասուլիսում հրապարակեց մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքները համակարգող, «Synopsys Armenia»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Մրցանակը նոյեմբերի 5-ին Քեմ Ղաֆարիանին հանձնելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ի թիվս այլ միջոցառումների՝ դափնեկրին շնորհվելու է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: «Ինժեներական քաղաք»-ում տեղադրվելու է նրա անվամբ խորհրդանշական աստղը։
Հովիկ Մուսայելյանը ներկայացնելով Քեմ Ղաֆարիանին՝ նշեց, որ նա հիմնել է տիեզերական և էներգետիկ ոլորտները փոխակերպող մի շարք ընկերություններ: Նա միջուկային էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ տիեզերանավերի շարժիչ համակարգերում կիրառման համար լուծումներ մշակող X Energy ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է: Նրա խոսքով՝ Ղաֆարիանը նաև ակտիվ բարերար է: Գիտական հետազոտությունների և միջաստղային ճանապարհորդությունների հնարավորությունների զարգացմանը միտված ոչ առևտրական կազմակերպության հիմնադիր է:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը, կարևորելով այս մրցանակաբաշխության կազմակերպումը, նկատեց, որ այն ապահովում և բարձրացնում է Հայաստանի Հանրապետության տեսանելիությունը միջազգային տեխնոլոգիական բնագավառում:

«Այն շատ օրգանիկ կերպով վերաամրապնդում և հաստատում է մեր համոզմունքն այն մասին, որ Հայաստանը ոչ միայն տեխնոլոգիաներ արտադրող և արտահանող երկիր է, այլ նաև՝ համաշխարհային տեխնոլոգիական օրակարգի մաս։
Մրցանակաբաշխության և դրանով պայմանավորված անվանի դափնեկիրների այցի մեկ այլ չափազանց կարևոր առաքելությունն էլ կայանում է նրանում, որ երիտասարդներն առիթ են ունենում շփվելու իսկապես լեգենդար անձանց հետ»,- ասաց նախարարը:
Դավիթ Թադևոսյանը հայտարարեց, որ Հայաստանի տիեզերական ծրագիրն արդեն հաստատվել է. եթե խանգարող արտառոց իրադարձություններ տեղի չունենան, ապա 2028-ի վերջին կամ 2029-ի սկզբին կլինի առաջին արբանյակի արձակումը: Նա նշեց, որ տիեզերական ծրագրի շրջանակում Քեմ Ղաֆարիանի հետ համագործակցելու հարց օրակարգում դեռևս չկա, սակայն չբացառեց, որ դրա հնարավորությունը կարող է քննարկվել սպասվող շփումների ընթացքում: Ընդգծեց, որ մրցանակն արժևորում է դափնեկիրների աշխատանքն ու մասնագիտական ձեռքբերումները և չունի կոմերցիոն բաղադրիչ:

Մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր Viva ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանի բնորոշմամբ՝ յուրաքանչյուր մեծ նվաճման հետևում կանգնած է մարդը, որը մի անգամ հավատացել է իրեն, իր հնարավորություններին, իր գաղափարին, իսկ ամենակարևորը՝ համարձակություն է ունեցել կատարելու առաջին քայլը: Ավետիսյանի ցանկությունն է, որ այս միջոցառումը ոգևորի հայաստանցի նորարարներին, գիտնականներին և համարձակ գաղափարներ ունեցողներին և նպաստի, որ նրանք հավատան սեփական հնարավորություններին ու Հայաստանն ընկալեն որպես մի երկիր, որտեղ իրենց տաղանդը պահանջված է, գաղափարներն արժեք ունեն, իսկ մեծ ճանապարհը կարող է սկսվել հենց այստեղ և հիմա:

«Հենց դրա համար Viva-ն արդեն 17 տարի սատարում է այս մրցանակաբաշխությանը՝ միավորելով Հայաստանն ու այն մարդկանց, որոնք ընդլայնում են հնարավորությունների սահմանները: Մեզ համար կապը ձեռք է բերում յուրահատուկ նշանակություն, երբ մեզ հաջողվում է մասնակցել իրադարձությունների, որոնցում միավորվում են տաղանդը և հնարավորությունները, վստահությունը՝ ոգեշնչման և գործողության հետ»,- նշեց Արմեն Ավետիսյանը:
Հովիկ Մուսայելյանն էլ խոստովանեց, որ ամեն անգամ ասուլիսների ժամանակ անդրադառնալով մրցանակաբաշխության առաքելությանն ու բովանդակությանը՝ առանձնակի հուզմունք է ապրում․քանի որ 2009 թվականին, երբ «Synopsys Armenia» ընկերությունում հղացավ Հայաստանում նմանատիպ մրցանակաբաշխություն անցկացնելու գաղափարը, գրեթե ոչ ոք չէր հավատում, որ դա կարելի է իրականացնել:
«Չէին հավատում, որովհետև աշխարհում չկար այս ոլորտում ամենամյա նման մրցանակաբաշխություն կազմակերպելու և համաշխարհային լեգենդներին պարգևատրելու պրակտիկա: Հպարտ ենք, որ նման մրցանակաբաշխություն կազմակերպվեց հենց Հայաստանում»,– ընդգծեց նա՝ տեղեկացնելով, որ ըստ մտահղացման՝ առաջին դափնեկիրը պետք է լիներ Բիլ Գեյթսը, սակայն այդ նախաձեռնությունը հաջողությամբ չպսակվեց և 2010 թվականին առաջին մրցանակը հանձնվեց Intel կորպորացիայի նախագահ ամերիկացի Քրեյգ Բարեթին:
Հետագա տարիներին և մինչ այսօր մրցանակը շնորհվել է բարձրտեխնոլոգիական ոլորտի հսկաներին: 2011-ին այն ստացավ Apple Computer-ի (այժմ՝ Apple Inc.) համահիմնադիր Սթիվ Վոզնյակը (ԱՄՆ), որը մրցանակը ստանալիս ի լուր աշխարհի հայտարարեց՝ հաշվի առնելով, որ IT ոլորտում Նոբելյան մրցանակ չի շնորհվում, այս պարգևը համարում է դրան համարժեք:
2012-ի դափնեկիրն էր աշխարհում առաջին միաչիպ միկրոպրոցեսոր Intel 4004-ը ստեղծած խմբի անդամ իտալական արմատներով ամերիկացի Ֆրեդերիկո Ֆաջինը, 2013-ին՝ Hitachi Ltd կորպորացիայի երկարամյա գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն (Ճապոնիա), 2014-ին՝ Cisco Systems տեխնիկական գործադիր տնօրեն ամերիկացի Մարիո Մացոլան (նա հենց ասուլիսում հայտարարեց Հայաստանի ամերիկյան համալսարանին 1 մլն դոլար նվիրաբերելու մասին, որի բանկային տոկոսադրույքներով հիմա կրթաթոշակներ են սահմանված նշված բուհում), 2015-ին՝ «Лаборатория Касперского» միջազգային ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին (Ռուսաստան), 2016-ին՝ ինտերնետի կնքահայրերից Լուի Պուզենին (Ֆրանսիա), 2017-ին՝ iPod ապրանքանիշի և iPhone-ի համահեղինակ Թոնի Ֆադելին (ԱՄՆ), 2018-ին՝ National Instruments-ի նախագահ Ջեյմս Թրուշարդին (ԱՄՆ), 2019-ին՝ ռոբոտաշինության հիմնադիրներից Տակեո Կանադեին (Ճապոնիա), 2020-ին՝ չինական ծագումով ամերիկացի Synopsys Inc ընկերության համահիմնադիր Չի Ֆուն Չանին, 2021-ին՝ IBM ընկերության ավագ փոխնախագահ Լեոն Ստոկին (Նիդեռլանդներ, ԱՄՆ), 2022-ին՝ Adobe. Inc ընկերության նախագահ Շանտանու Նարայեին (Հնդկաստան, ԱՄՆ), 2023-ին՝ Հնդկաստանի ՏՏ ոլորտի լեգենդ Նարայանա Մուրտիին, 2024-ին՝ սենսորային տեխնոլոգիաների հայտնագործող Յոշիակի Հագիվարային (Ճապոնիա) և 2025-ին՝ ANALOG DEVICES ընկերության նախագահ Վինսենթ Ռոշին (Իռլանդիա):