ԵՄ ԱԳ նախարարները քննարկել են, թե ինչպես կարող են ամրապնդել ՀՀ-ի դիմադրողականությունը և տնտեսական դիվերսիֆիկացիան. Կալաս

3 րոպեի ընթերցում

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն ամփոփել է Լյուքսեմբուրգում հունիսի 15-ին անցկացված ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքները՝ անդրադարձ կատարելով նաև Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։

«Հայաստան. անցյալ շաբաթ տեղի ունեցած ընտրությունները հստակ ուղերձ հղեցին. հայ ժողովուրդը քվեարկեց խաղաղության, ինքնիշխանության և Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի օգտին: Ռուսաստանի ուժեղ ճնշումը և տնտեսական հարկադրանքը չազդեցին քվեարկության վրա: Նախարարները քննարկեցին, թե ինչպես կարող ենք հետագայում ամրապնդել Հայաստանի դիմադրողականությունը և տնտեսական դիվերսիֆիկացիան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Կալասը:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում քննարկման էր մասնակցել Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին ամփոփել է Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։ Ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցել 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, որը կունենա 29 մանդատ և «Հայաստան» դաշինքը, որը կունենա 12 մանդատ։ 

Ռուսաստանը Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արգելքներ և սահմանափակումներ էր կիրառել հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման նկատմամբ, որոնք շարունակվում են մինչ օրս։

Ընտրությունների արդյունքներով վստահ հաղթանակ է տարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը նոր խորհրդարանում կունենա մեծամասնություն և կկարողանա միանձնյա կառավարություն ձևավորել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի շնորհավորել՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առնչությամբ։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը սպասում է ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփմանը։ 

Հայերեն العربية English فارسی Русский Türkçe 中文

Այն կարգավորումները, որոնք արտահայտված են ԹՐԻՓՓ համաձայնագրում, չեն կարող կիրառվել Ադրբեջանում․ Արթուր Հովհաննիսյան

Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2027 թվականին կբարելավվի 0.6 տոկոսային կետով. ՀՀ ֆինանսների նախարար

«Զվարթնոց» օդանավակայանում ժամանակավորապես ցերեկային ժամերին թռիչքներ չեն իրականացվի

Քայլ-քայլ Հայաստանի պետական սահմանների ամբողջ վերահսկողությունը պատվիրակելու ենք մեր սահմանապահ ծառայությանը. Փաշինյան

Չինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներում

Երևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիները

«Ուժեղ Հայաստան»-ը ԹՐԻՓՓ-ի իրականացման համար մեկից ավելի երաշխավորների անհրաժեշտություն է տեսնում

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում տեղադրված ականների վրա երկու լցանավի պայթելու մասին

Մեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ․ ամփոփվել է «Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026» ծրագիրը

Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի