Քաղաքականություն

ԵՄ ԱԳ նախարարները քննարկել են, թե ինչպես կարող են ամրապնդել ՀՀ-ի դիմադրողականությունը և տնտեսական դիվերսիֆիկացիան. Կալաս

3 րոպեի ընթերցում

ԵՄ ԱԳ նախարարները քննարկել են, թե ինչպես կարող են ամրապնդել ՀՀ-ի դիմադրողականությունը և տնտեսական դիվերսիֆիկացիան. Կալաս

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն ամփոփել է Լյուքսեմբուրգում հունիսի 15-ին անցկացված ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքները՝ անդրադարձ կատարելով նաև Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։

«Հայաստան. անցյալ շաբաթ տեղի ունեցած ընտրությունները հստակ ուղերձ հղեցին. հայ ժողովուրդը քվեարկեց խաղաղության, ինքնիշխանության և Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի օգտին: Ռուսաստանի ուժեղ ճնշումը և տնտեսական հարկադրանքը չազդեցին քվեարկության վրա: Նախարարները քննարկեցին, թե ինչպես կարող ենք հետագայում ամրապնդել Հայաստանի դիմադրողականությունը և տնտեսական դիվերսիֆիկացիան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Կալասը:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում քննարկման էր մասնակցել Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին ամփոփել է Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։ Ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցել 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, որը կունենա 29 մանդատ և «Հայաստան» դաշինքը, որը կունենա 12 մանդատ։ 

Ռուսաստանը Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արգելքներ և սահմանափակումներ էր կիրառել հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման նկատմամբ, որոնք շարունակվում են մինչ օրս։

Ընտրությունների արդյունքներով վստահ հաղթանակ է տարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը նոր խորհրդարանում կունենա մեծամասնություն և կկարողանա միանձնյա կառավարություն ձևավորել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի շնորհավորել՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առնչությամբ։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը սպասում է ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփմանը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում