Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հունիսի 16-ին Ֆրանսիայում Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyiv Independent-ը՝ վկայակոչելով երկու աղբյուրի, որոնց անունները չեն նշվում։
Ըստ աղբյուրների՝ հանդիպումը Զելենսկու և Թրամփի միջև առաջին հանդիպումն է եղել գրեթե չորս ամսվա ընթացքում և տևել է մոտ 30 րոպե։
Երեք առաջնորդներն ավելի ուշ մասնակցել են G7-ի մյուս առաջնորդների հետ համատեղ աշխատանքային նիստի, որի գլխավոր թեման է եղել Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ։
«Մենք լավ հանդիպում ունեցանք։ Ես այսօր ավելի ուշ կհանդիպեմ (Զելենսկու հետ)»,- հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը՝ հավելելով, որ Ռուսաստանը «պետք է գործարք կնքի»։
Երկու նախագահները նաև կարճ ժամանակով հանդիպել են գագաթնաժողովից հետո։
ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող խաղաղության բանակցությունները փետրվարից ի վեր փաստացի սառեցված են, քանի որ Վաշինգտոնի ուշադրությունը կենտրոնացած էր Իրանի դեմ պատերազմի վրա։
Զելենսկին հունիսի 15-ին հույս է հայտնել, որ Թրամփը կօգնի Միացյալ Նահանգներում կազմակերպել եռակողմ հանդիպում իր և Պուտինի մասնակցությամբ։
Վերջերս Զելենսկին հրավիրել է Ռուսաստանի առաջնորդին հանդիպել չեզոք երկրում՝ խաղաղության համաձայնագրի շրջանակը քննարկելու համար՝ առաջարկելով, որ Ուկրաինան պահպանի լիակատար հրադադար բանակցությունների ընթացքում։
Պուտինն արձագանքել է՝ նշելով, որ «Զելենսկու հետ հանդիպելու իմաստ չի տեսնում»։