Վեց ընդդիմադիր ուժեր հայտարարությամբ են հանդես եկել խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունները հայտարարությամբ են հանդես եկել խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարության հեղինակները նշում են, որ կայացած խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել այնպիսի պայմաններում, որոնք հիմնովին կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատ, արդար և մրցակցային բնույթը։

Նրանց խոսքով` ընտրական գործընթացում տեղի են ունեցել համակարգային ու կազմակերպված խախտումներ, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրողների ազատ կամարտահայտության, քաղաքական հավասար մրցակցության ապահովման և ընտրական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության վրա, իսկ գործող իշխանությունների կողմից թույլ են տրվել ընտրական իրավունքի սկզբունքների խախտման ակնհայտ դրսևորումներ։

Հայտարարության հեղինակների կարծիքով` ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները, «նման պայմաններում արձանագրված արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար»։ 

«Մենք շարունակելու ենք գործել բացառապես Սահմանադրության, օրենքների և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում՝ պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը և Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները։ Մեր ապագա որոշումներում և գործողություններում ելնելու ենք բացառապես այս իրողություններից», - ասվում է հայտարարության մեջ։

Հայերեն