Վեց ընդդիմադիր ուժեր հայտարարությամբ են հանդես եկել խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ
2 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունները հայտարարությամբ են հանդես եկել խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարության հեղինակները նշում են, որ կայացած խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել այնպիսի պայմաններում, որոնք հիմնովին կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատ, արդար և մրցակցային բնույթը։
Նրանց խոսքով` ընտրական գործընթացում տեղի են ունեցել համակարգային ու կազմակերպված խախտումներ, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրողների ազատ կամարտահայտության, քաղաքական հավասար մրցակցության ապահովման և ընտրական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության վրա, իսկ գործող իշխանությունների կողմից թույլ են տրվել ընտրական իրավունքի սկզբունքների խախտման ակնհայտ դրսևորումներ։
Հայտարարության հեղինակների կարծիքով` ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները, «նման պայմաններում արձանագրված արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար»։
«Մենք շարունակելու ենք գործել բացառապես Սահմանադրության, օրենքների և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում՝ պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը և Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները։ Մեր ապագա որոշումներում և գործողություններում ելնելու ենք բացառապես այս իրողություններից», - ասվում է հայտարարության մեջ։