ՄԻՊ-ը խոսել է հաստատության կառուցվածքային փոփոխությունների և շենքային պայմանների խնդիրների մասին
3 րոպեի ընթերցում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարել է, որ ՄԻՊ հաստատության առջև շարունակում են կանգնած մնալ մի շարք չլուծված խնդիրներ՝ կապված կառուցվածքային փոփոխությունների, ռեսուրսների ավելացման, շենքային պայմանների և օրենսդրական բարեփոխումների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ Մանասյանը նշել է, որ հաստատության կառուցվածքային փոփոխությունների հարցը երկար ժամանակ չի վերանայվել, մինչդեռ առկա են բազմաթիվ միջազգային հանձնարարականներ։
«Մենք կառուցվածքային հարցերի առնչությամբ վերջին փոփոխությունները շատ վաղուց ենք ունեցել, մինչդեռ հիմա ունենք բազմաթիվ միջազգային հանձնարարականներ, որոնք հենց հաստատության ներսում կառուցվածքային լուրջ փոփոխություններ են ենթադրում»,- ասել է նա։
Պաշտպանի խոսքով՝ այդ փոփոխությունները պահանջում են նաև լրացուցիչ ֆինանսական և մարդկային ռեսուրսներ։
«Դա ենթադրում է նաև ռեսուրսային ավելացում։ Իհարկե, մեր բյուջեն բավականին համեստ բյուջե է, բայց նույնիսկ այդ պայմաններում հետագա կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտություն կա»,- նշել է Մանասյանը։
Նա անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի շենքային պայմանների խնդրին՝ ընդգծելով, որ հարցը մինչ օրս վերջնական լուծում չի ստացել։
«Մեր հաստատության շենքի հետ կապված հարցը, թեև սկզբնական լուծում ստացել է, բայց փաստացի դա կիսալուծում է դարձել, որովհետև մինչև հիմա վերջնական լուծված չէ շենքի պայմանների բարելավման կամ նոր շենք տեղափոխվելու հետ կապված հարցը»,- ասել է նա։
Մանասյանի խոսքով՝ այս հարցին վերջերս անդրադարձել է նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը՝ Հայաստանին ուղղված բաց նամակում։
Պաշտպանը կարևորել է նաև ՄԻՊ ինստիտուտի անկախությանն առնչվող օրենսդրության հետագա զարգացումը։
«Մենք այս պահին ունենք նաև Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը վերաբերելի տարբեր հանգամանքների հետ կապված օրենսդրության հետագա զարգացման անհրաժեշտություն»,- նշել է նա։
Միաժամանակ Մանասյանը դրական է գնահատել Ազգային ժողովի և կառավարության հետ համագործակցությունը՝ հիշեցնելով, որ վերջին տարիներին միջազգային մի շարք հանձնարարականներ կատարվել են օրենսդրական փոփոխությունների շնորհիվ։
«Այս գումարման Ազգային ժողովը նաև շատ կարևոր առաջընթաց է այս առումով գրանցել, որովհետև հանձնարարականների մի մասը կատարվել են օրենսդրական փոփոխությունների արդյունքում։ Մենք շատ լավ համագործակցել ենք, նաև կառավարության հետ հիանալիորեն աշխատել ենք այս առումով»,- ասել է նա։
Ըստ Պաշտպանի՝ դեռևս կան հանձնարարականներ, որոնք մնում են չկատարված և պահանջում են նոր օրենսդրական փոփոխություններ։