Գեղարքունիքի մարզային գրադարանում նշվել է Շառլ Ազնավուրի 102-ամյակը
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզային գրադարանի արվեստի բաժինը կազմակերպել է միջոցառում՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 102-ամյակին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի Վ․ Պետրոսյանի անվան մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը, միջոցառման ընթացքում ներկայացվել են մեծ արվեստագետի հարուստ ստեղծագործական ժառանգությունը, կյանքի ու ստեղծագործական ուղին, հայ ժողովրդին ցուցաբերած նրա անգնահատելի նվիրումն ու աջակցությունը։
Մասնակիցներն անդրադարձել են նաև Շառլ Ազնավուրի դերասանական գործունեությանը և համաշխարհային ճանաչում ունեցող երգիչների հետ ունեցած ստեղծագործական համագործակցություններին։
Ցերեկույթի ընթացքում հնչել են մեծ շանսոնյեի սիրված երգերը՝ երգիչներ Լիլյա Հովհաննիսյանի, Գրիգոր Բալագոզյանի, Գավառի արվեստի դպրոցի երգչախմբի կատարմամբ (ղեկավար՝ Նարինե Գոզեյան)։
Միջոցառումը վարել է գրադարանի թատերական խմբակի ղեկավար Անուշ Զանգիզորյանը՝ ստեղծելով ջերմ ու հուզիչ մթնոլորտ։