Քաղաքականություն

ԱՄՆ պետդեպարտամենտն ամփոփել է Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան այցի արդյունքները

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետդեպարտամենտն ամփոփել է Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան այցի արդյունքները

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն ամփոփել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան կատարած այցի արդյունքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պետքարտուղարության կայքը հայտարարություն է տարածել։

«ԱՄՆ պետքարտուղարն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկել են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը և Հայաստանում կայանալիք ընտրությունները: Ղեկավարները հայտարարել են TRIPP-ի վերաբերյալ երկկողմ շրջանակային համաձայնագրի մասին և ստորագրել Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը և Կարևորագույն հանքանյութերի մասին փոխըմբռնման հուշագիրը»,- ասված է հաղորդագրությունում։

ԱՄՆ պետդեպարտամենտը նշում է, որ այս փաստաթղթերը խորացնում են երկրների երկկողմ հարաբերությունները և առաջ են մղում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատմական խաղաղության գագաթնաժողովի ժամանակ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները:

Մայիսի 26-ին Հայաստան է այցելել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Այցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ստորագրվել են երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման վերաբերյալ շրջանակային հուշագիրը և նախաստորագրել՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և միջազգային բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում