Քաղաքականություն

TRIPP-ը հնարավորություններ կստեղծի նաև Իրանի և Ռուսաստանի համար. Միրզոյան

2 րոպեի ընթերցում

TRIPP-ը հնարավորություններ կստեղծի նաև Իրանի և Ռուսաստանի համար. Միրզոյան

Հայաստանի տարածքում իրականացվելիք TRIPP նախագիծը հնարավորություններ կստեղծի նաև Իրանի Իսլամական Հանրապետության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, նշելով, որ փարատվել են այն մտահոգությունները, թե TRIPP-ն անվտանգային խնդիրներ կարող է ստեղծել Իրանի համար։

«Իրանում կային հարցեր TRIPP-ի ենթադրյալ անվտանգային բաղադրիչի վերաբերյալ, քննարկվում էր երրորդ կողմի զինված ուժերի տեղակայման հարց, Իրանի մեր գործընկերները տեսել են, որ որևէ նման բան չի նախատեսվում ստորագրված փաստաթղթով, բոլոր ենթակառուցվածքները լինելու են ՀՀ ինքնիշխանության ներքո, գործելու են ՀՀ իրավազորության ներքո և դա բացառում է նաև երրորդ կողմի տեղակայումը։ Այդ հարցերի շուրջ առանձնապես անհանգստանալու տեղ չկա։ Նույն Իրանի համար, նույն TRIPP-ը հնարավորություններ է բերելու։ Չէ որ Նախիջևանից մենք ենք կապվելու երկաթուղով Իրանի երկաթուղային ցանցի հետ։ Մեր միջոցով նաև Իրանն է կարողանալու դուրս գալ, օրինակ՝ Սև ծով։ Ստացվում է, որ TRIPP-ով Պարսից ծոց-Սև ծով երկաթուղային նոր կապ է ստեղծվում»,- ասաց Միրզոյանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը հավելեց՝ TRIPP-ը հնարավորություններ կստեղծի նաև Ռուսաստանի Դաշնության համար։

«Ռուսաստանից բազմաթիվ պաշտոնյաներ հետաքրքրություն են ցուցաբերում TRIPP-ի վերաբերյալ, մասնակցություն են ցանկանում ունենալ»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Մայիսի 26-ին Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները նախաստորագրել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և միջազգային բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը»։ Փաստաթղթի նախաստորագրումը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան այցի շրջանակներում։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ամերիկյան կողմից՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում