ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները կծառայեն նաև Սյունիքում
8 րոպեի ընթերցում

Հայաստանին հավատարմորեն աջակցելու և իրենց գործառույթները պատշաճ կատարելու հանդիսավոր երդմամբ մայիսի 21-ին Երևանում ԱՄՆ Խաղաղության կորպուսի շարքերը համալրեցին ամերիկացի 30 կամավորները: ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնեց, որ կամավորները շուրջ 6-ամյա ընդմիջումից հետո կտեղակայվեն նաև Սյունիքի մարզում:
Խաղաղության կորպուսի կամավորների 31-րդ խմբի երդման արարողությունը մեկնարկեց Հայաստանի և ԱՄՆ օրհներգերով, որոնք կենդանի կատարմամբ հնչեցրին հենց նորեկ կամավորները:
Ողջույնի խոսքով ներկաներին դիմած ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնավորապես նշեց, որ սա համատեղ գործակցության այն ծրագրերից է, որի արդյունքները շատ տեսանելի և շոշափելի են մեր երկրի տարբեր բնակավայրերում:

«Խաղաղության կորպուսը մի ծրագիր է, որի անվանումը համապատասխանում է բովանդակությանը: Մարդկանց միջև կապերը և նման փոխհամագործակցությունն են ամրապնդում խաղաղության մթնոլորտը: Խորհրդանշական եմ համարում հենց Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության նմանատիպ համագործակցությունը, որովհետև նախորդ տարվա օգոստոսի 8-ին կնքված վաշինգտոնյան հռչակագրերն էին, որ խաղաղության նոր դարաշրջան են բացում մեր տարածաշրջանի համար: Կարծում եմ, որ այս իմաստով ծրագիրն ամբողջությամբ արտացոլում է թե՛ մեր հարաբերությունների էությունը, թե՛ այն նպատակադրումները, որոնք կան օրակարգում»,- նշեց նախարարը:
Ժ. Անդրեասյանի դիտարկմամբ՝ իսկապես հրաշալի է տեսնել, թե ինչպես են կամավորներն ամբողջությամբ ներգրավվում համայնքային կյանքում: Այն աստիճան, որ նույնիսկ սկսում են խոսել իրենց տեղակայման բնակավայրի բարբառով:
«Ուզում եմ սիրով ողջունել և հաջողություն մաղթել մեր նոր կամավորներին, որոնք գալիս են միանալու Խաղաղության կորպուսի՝ Հայաստանում գործունեություն ծավալած ավելի քան 1200 կամավորներին: Բարի գալուստ Հայաստան: Մենք սիրով ողջունում ենք ձեզ, պատրաստ ենք այս ճանապարհն անցնել ձեզ հետ միասին»,- ասաց նախարարը:
Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ուիլիամ Օ’րոարքի խոսքով՝ այս տարին առանձնահատուկ է կորպուսի համար, քանզի լրանում է ոչ միայն ԱՄՆ անկախության 250-ամյակը, այլև այս կազմակերպության 65-ամյակը: Բանախոսը աջակցության համար շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին:

«Հավատացած ենք, որ միասին աշխատելով՝ կարող ենք նպաստել երիտասարդների կայացմանը: Որպես 31-րդ խումբ դուք բերելու եք մեծ ներդրում Հայաստանի և ԱՄՆ միջև խաղաղության և բարեկամության գործակցության ասպարեզում, որն արդեն տասնամյակների պատմություն ունի: Մենք հավատում ենք ձեր ներուժին և վստահ ենք, որ պատվով կկատարեք ձեր ծառայությունը»,- հայտարարեց նա:
Ուիլիամ Օ’րոարքը հայտնեց, որ Հայաստանում Խաղաղության կորպուսն աշխատում է անգլերենը որպես երկրորդ լեզու դասավանդելու ծրագրերի իրականացման ուղղությամբ և երիտասարդների ներուժի օգտագործումը խթանող ծրագրերի իրականացմամբ:
ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը նշելով, որ երկրորդ տարին է մասնակցում այս միջոցառմանը՝ խոստովանեց, որ հաճախ է հուզվում մասնակիցների գործունեության մասին պատմող տեսանյութը և նրանց կատարմամբ հայկական պարերը դիտելուց հետո: Նա նույնպես շնորհակալություն հայտնեց կամավորներին և ծրագրի բոլոր աջակիցներին:

Դ. Ալենի դիտարկմամբ՝ Հայաստանում աշխատելը կամավորներին հրապուրում է ոչ այնքան ֆինանսական, որքան մարդկային ջերմ հարաբերությունների հաստատման տեսանկյունից:
«Փորձելով ժամավճարի վերածել Հայաստան գալու համար կամավորներին վճարվող գումարը՝ հասկացա, որ պետք է ընդհատեմ այդ հաշվարկները, այլապես ստիպված կլինեմ հաղորդում ներկայացնել Խաղաղության կորպուսում մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ»,- կատակեց նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր կամավոր ԱՄՆ-ից մի պատառ է բերում Հայաստան և մի պատառ էլ Հայաստանից իր հետ տանում է Միացյալ Նահանգներ:
Դիվանագետը տեղեկացրեց, որ կամավորները մասնագիտացած են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության, երիտասարդական նախաձեռնությունների, համայնքային զարգացման, հանրային առողջապահության: Գրեթե բոլորը բավականին լավ խոսում են հայերեն, երգում են, պարում են: Շուտով տեղափոխվելու են տարբեր համայնքներ՝ դառնալով դրանց մասնիկը:
«Այս տարին Խաղաղության կորպուսի համար առանձնահատուկ է նաև նրանով, որ մեր կամավորները վերադառնում են Սյունիքի մարզ: 2020 թվականին COVID-19 համավարակի գործոնով պայմանավորված Սյունիքից և Հայաստանի այլ վայրերից դուրս էինք բերել կամավորներին: 2023-ին Խաղաղության կորպուսը վերադարձավ Հայաստան, բայց Սյունիքում այլևս կամավորներ չտեղակայեցինք, որովհետև ռազմական գործողությունների հետ կապված վտանգներ էինք տեսնում: Սյունիքում Խաղաղության կորպուսի կամավորների տեղակայումը վկայում է խաղաղության գործընթացի նկատմամբ մեր վստահության և վերջին տարվա ընթացքում խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացի մասին»,- ընդգծեց ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը:
Նա տեղեկացրեց նաև, որ ԱՄՆ դիվանագիտական ծառայության կազմում շատ են Խաղաղության կորպուսի նախկին կամավորները: Նշվեց, որ Հայաստանում ամերիկյան դեսպանատան որոշ աշխատակիցներ որպես կամավորներ աշխատել են Մոլդովայում, Ղազախստանում և Վրաստանում:
Հայերեն լեզվի, մշակույթի և մասնագիտական հմտությունների 11-շաբաթյա ինտենսիվ վերապատրաստում անցնելուց հետո կամավորները պատրաստ են տեղակայվելու տարբեր համայնքներում: Առաջիկա երկու տարիներին նրանք կբնակվեն հայկական ընտանիքներում և դասարանային աջակցության, համայնքային ծրագրերի ու երիտասարդների ներգրավմանը միտված գործունեության միջոցով կնպաստեն անգլերեն լեզվի ուսուցման զարգացմանը և կաջակցեն երիտասարդներին՝ ձևավորելու այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են իրենց համայնքներում վստահ և ակտիվ անդամներ դառնալու համար։
Միջոցառումը պսակվեց կամավորներին վկայականների հանձնման և երդման արարողություններով: Կամավորների նոր խմբի ներգրավմամբ Հայաստանի տարբեր բնակավայրերում ծառայող Խաղաղության կորպուսի ներկայացուցիչների թիվը կհասնի շուրջ 70-ի:
Խաղաղության կորպուսին առնչվող ծրագիրը Հայաստանում իրականացվում է 1992 թվականից՝ ՀՀ կառավարության հրավերով: Անցած 34 տարիների ընթացքում Հայաստանում ծառայել է կորպուսի շուրջ 1200 կամավոր։
Խաղաղության կորպուսը հիմնադրվել է 1961 թվականին՝ ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ․Քենեդու նախաձեռնությամբ: Մինչ օրս ավելի քանի 240 հազար ամերիկացի կամավոր ծառայել է 142 երկրներում։
